Ալիևն արել է մի բան, որի արդյունքում ռուսական զինվորականությունը հայտնվել է շատ դաժան ու վտանգավոր մեղսակցության մեջ. Դեմոյան

Մանրամասներ
Հայկ Դեմոյան

ՊԱՐՏԱԴԻՐ

Արցախում պարտադիր պետք է մնան միայն ադրբեջացիներն ու ռուս խաղաղապահները։

Ինչ որ ժամանակ․․․ Վերջիններս կարող են օգտակար ու շահեկան ներկայություն ունենալ հայ բնակչության ունեցվածքի թալանի ժամանակ արյունալի բախումները կանխարգելելու և այդ պրոցեսը խաղաղ ու ստեղծարար եղանակով իրականացնելու համար։

Այո, Արցախում պարտադիր պետք է մնան ռուս խաղաղապահները, ադրբեջանցիներն ու թափառող շները․․

Սա պարտադիր զրոյական կետ է՝ պարտադրված սառը դատողությամբ ու հաշվարկով․․․

Հենց այդ տեսարանները պետք է արձանագրեն միջազգային դիտորդներն ու լրատվամիջոցները։

Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող Ադրբեջանը 2023 թ․ իրականացրել է էթնիկ զտումներ՝ պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանական գործողությունների ուղեկցությամբ։

Այս ձևակերպումը պետք է 100 տոկոսով ապացուցի ԱՌԱՅԺՄ հայազուրկ Արցախը։

Վերջին հայը Արցախը լքելուց հետո, պետք է կազմակերպվի առանձին ներկայացուցչական մարմին, որը պետք է ներկայացնի արցախահայության շահերն ու նպատակները միջազգային ատյաններում, ամուր ու անխախտ պահի հայրենակցական կապերը Արցախի տարբեր շրջանների բնակչության միջև։

Պետք է բացառել ադրբեջանական կողմի բոլոր փորձերը տեղում հայերից բաղկացած որևէ ներկայացուցչական մարմին ստեղծելու ուղղությամբ։

Դա հիմա իրենց օդի և ջրի պես պետք է՝ խոցելի դիրքերը ամրացնելու համար։

Ենթադրում եմ, որ հայկական խորհրդանշական ներկայության մեջ շահագրգռված է նաև ռուս խաղաղապահների հրամանատարությունը։

Դա ոչ միայն կարգավիճակի, այլև պատվի հարց է, պատիվ, որը արդյունավետ կերպով զրոյացրել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը։

Ասեմ, որ Իլհամ Ալիևին դա փայլուն կերպով հաջողվել է։

Նա արել է մի բան, որի արդյունքում ռուսական զինվորականությունը հայտնվել է շատ դաժան ու վտանգավոր մեղսակցության մեջ։

Հ․Գ Ինձ շատ հետաքրքիր է, թե Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնում հիմա ինչ են դիտում ու դիտարկում։

Կարելի է առաջարկել, որ այդ կենտրոնը վերածեն թալանված հայկական ունեցվածքի գնահատման կենտրոնի։

Եթե այդպես անում էին ցեղասպան թուրքերը 1915 թ․, ապա ինչու՞ նույնը չեն կարող անել իրենց դաշնակիցներն ու եղբայրները 2023 թ․:

Հայկ Դեմոյան