Չեմ ուզում վախեցնել, բայց օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է. Թևանյան

Մանրամասներ
հանրահավաք

Չեմ ուզում վախեցնել, բայց օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է:

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Արցախը դատարկվում է եւ այստեղ բոլորս էլ գիտենք, որ դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երեւանում է, մեր անելիքը մեկն է եւ դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է:

Սա միայն աթոռի խնդիր չէ, սա Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է: Մեր անելիքը պետք է լինի այդ դատարկությանը հեռացնելը եւ տեղը իշխանություն ձեւավորելը:

Մենք հենց այդ նպատակով պետք է առանց երկմտելու, առանց վարանելու ամենօրյա ռեժիմով պայքար մղենք, որ Երեւանը չդառնա խրամատ, որ Երեւանը Շուշիի օրը չընկնի:

Այս գիտակցումը շատ կարեւոր է: Գլխավորը՝ պատասխանատվություն վերցնելն է, ես ասել եմ, որ այդ պատասխանատվությունը վերցնող կա, մնում է համատեղ ջանքերով իրականացնել մեր անվտանգության ապահովումը»,-ասաց Թեւանյանը:

Նա ընդգծեց, որ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչը արել է Ալիեւի եւ Էրդողանի հետ նախապես պայմանավորվելով. «Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գործում մեր թշնամիները։ Նախապես անոնս են անում, հետո անցնում են գործի: Եթե հաջողության չհասնենք՝ կկորցնենք Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը: Մենք պետք է պահովենք մեր հաղթանակը»,-ասաց նա: