Եվրամիությունը շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ գազի մատակարարման հարցում և ակնկալում է, որ մինչև 2027 թվականը մատակարարման ծավալներն անցյալ տարվա 11,3 միլիարդ խորանարդ մետրից կավելանան մինչև 20 միլիարդ: Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։
«Մենք Ադրբեջանի հետ փոխըմբռնման հուշագիր ունենք գազի մատակարարումների ավելացման և էներգետիկ համագործակցության ամրապնդման համար»,- ասել է նա։
Ըստ Մաքֆիի՝ 2021 թվականին Ադրբեջանը ԵՄ է մատակարարել 8,1 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2022 թվականին հասել է 11,3 միլիարդ խորանարդ մետրի:
«Եվ այժմ նպատակն է, համաձայն հուշագրի, մինչև 2027 թվականը նման մատակարարումները հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազի», - պարզաբանել է Մաքֆին:
Նշենք, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվար-օգոստոսին Ադրբեջանն արտահանել է 15,8 մլրդ խմ գազ, ինչը 9%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ադրբեջանից գազի արտահանման ընդհանուր ծավալում Եվրոպային բաժին է ընկել 7,6 մլրդ խմ կամ բոլոր մատակարարումների 48%-ը։
ԵՄ-ն մտադիր է ավելացնել Ադրբեջանից գազի մատակարարումները
Մանրամասներ

0Comments