Այսօր առավոտյան ես հանդես եկա ելույթով՝ դիմելով իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցություններին՝ առաջարկելով միանալ և դուրս գալ այս դավաճան իշխանության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ հայտարարելով, որ Հայկ Մարությանին կրկին առաջարկում է համագործակցություն, սակայն փաստաթուղթ ստորագրելու պայմանով։
Անդրադառնալով ավելի վաղ Հայկ Մարությանի արած առաջարկին, Ղուկասյանն ասաց․
«Ես քեզ ուզում եմ ընտրել ոչ թե նրա համար, պարոն Հայկ Մարության, որ դու դառնաս քաղաքապետ և Չեխիայի կարողություններդ նորից սկսեն աճել, ոչ թե նրա համար, որ դու նորից նստես ու հինգ տարի ղեկավարես։ Ես քեզ ընտրում եմ քաղաքապետ նրա համար, որ դու ինձ ճանապարհ տաս, ես սրանց սրբեմ, տանեմ։ Դու պետք է բացվես, մի կողմ քաշվես, որ ես կարողանամ գամ, Ավինյանին տանեմ դատախազություն։ Եվ դու էլ որպես քաղաքապետ ինձ չխանգարես»։
Ղուկասյանի խոսքով՝ ինքն այժմ հասել է նրան, որ Երևանը չունի ՔՊ ղեկավար, սակայն չի կարող է հավատալ Մարությանի խոսքերին։
«Ասում եմ՝ փաստաթուղթ ստորագրի, որ հնարավորություն լինի որոշում կայացնելու, արխիվ փորելու, թե՞ վախենում ես, որ արխիվում քո մասին կոռուպցիոն պատկերը իմ մոտ հայտնվի։ Ինձ այնպիսի փաստաթուղթ է պետք, որ վստահ լինեմ, որ ինձ չեն խաբելու։ Ես քեզ չեմ հավատում։ Ես ոչ ոքի չեմ հավատում և իրավուն էլ չունեմ հավատալու։ Առանց թուղթ ու թանաքի, որ ես քեզ Երևան տամ, հետո ումի՞ց ուզեմ»,- նշել է Ղուկասյանը՝ ուղիղ եթերում։
Նրա խոսքով՝ «Հանրային ձայնը» պատրաստ է իր ձայները տալ Մարությանին փաստաթուղթը ստորագրելու դեպքում։
Անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի հետ համագործակցությանը, նա նշել է․
«Անդրանիկ Թևանյանի հետ ես ոչ մի խնդիր չունեմ, պատրաստ եմ համագործակցության: Ստորագրում ենք փաստաթուղթը, վերցնում ենք մայրաքաղաքը և վերջ, հաշված օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այլևս չի լինի իշխանության»:
0Comments