Ունենք ավելի քան կես միլիոն ստորագրություն, այս մարդիկ դեմ են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ Փաշինյանի քաղաքականությանը․ Թագուհի Թովմասյանը՝ իր նախաձեռնած ակցիայի մասին

Մանրամասներ

Այս տարի ես իրականացրեցի մի հետաքրքիր ակցիա՝ փորձելով հասկանալ՝ այն թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանը առաջ է տանում, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ են ընդունելի հայ հասարակության համար։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Մայիսի 3-ից մինչև հուլիսի 20-ը ժամանակ ունեցանք փոքրիկ թեստ անելու  և արձանագրելու, որ հայ ժողովուրդը  ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

Ես դա կապացուցեմ նաև թվերով, իմ ակցիան կարճաժամկետ էր և, եթե ես շարունակեմ  ստորագրահավաքը, վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ։ Այս պահի դրությամբ հավաքվել է 536․898 ստորագրություն, այսինքն կես միլիոնի շեմը վաղուց հատել ենք ու սա նշանակում է, որ այսքան մարդ իր ստորագրությամբ վավերացրել է իր հստակ դիրքորոշումը, այն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ու Նիկոլ Փաշինյանի թեզերը այդ մասով մերժված են։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ՔՊ կուսակցությունը ունի 3.000 համակիրներ, անդամներ, և չի կարող 3.000 անդամ ունեցող կուսակցությունը որոշել 3.000 տարեկան ազգի  ու 13 միլիոն հայեր ճակատագիրը»,- ասաց պատգամավորը։

Թովմասյանը իրականացված ստորագրահավաքը «լակմուսի թուղթ» որակեց, և ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի լիեգիտիմությւոն պաշտպանելու այն թեզերը, որոնք առաջ է տանում։

«Ստորագրահավաքից առաջ , երբ ես Բրյուսելում էի, ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ իրենք ին բացատրեցին, որ գիտեք՝ ձեր երկրի վարչապետը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ դուք այստեղ խոսում եք Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին։

Ես հասկացա, որ մեր միջազգային գործընկերները ունեն փաստական հանգամանքները ի ցույց դնելու կարիք, դա էր պատճառը, որ ես եկա ու նախաձեռնեցի այս ստորագրահավաքը»,- ասաց Թագուհի Թովմասյանը։