«Երևանի նորաձևության շաբաթվան» ներկայացված է հայկական մոտ 60 բրենդ: Հայկական տեքստիլի զարգացման համար պետությունը ոլորտին կուղղի մոտ 30 մլն դոլար, Հայաստանն ունի հագուստի արտադրության պոտենցիալ. գնահատական է հնչեցրել էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Իսկ այս ցուցադրությանն աջակցել են մեր երկրում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանությունները, միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նորաձևության հայկական շունչը՝ միջազգային ստանդարտներով անցկացվող միջոցառմանը. առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է «Երևանի նորաձևության շաբաթ»: Մայրաքաղաքում են հայտնի ու շուկա նոր մտնող դիզայներներ, միջազգային խոշոր 25 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման բացման արարողությանը ներկա էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա շրջել է նորաձևության մարկետում, ծանոթացել հայկական արտադրությանը:
Աննա Հակոբյանը ներկա է եղել նաև երիտասարդ 8 դիզայներների հավաքածուների ու Տերյան մշակութային կենտրոնի ցուցադրություններին:
Վահան Խաչատրյան (դիզայներ, Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ) - Մենք Հայաստան բերեցինք Անգլիայի դեսպանատան օգնությամբ Ֆեյշն Սկաուտ Արմենիա կազմակերպելու համար, որ հենց հայազգի ստեղծագործողներին հնարավորություն լինի՝ Հայաստանից թե արտերկրից, ներկայացնելու իրենց հավաքածուները: Եվ, ինչպես տեսաք, մեր երկու հաղթողն էլ հայ էին, բայց հայաստանաբնակ չէին, ինչը հետաքրքիր է, որովհետև դա խրախուսում է երիտասարդ տաղանդավոր հայազգի անձանց՝ վերադառնալ Հայաստան և այստեղ ստեղծագործել:
Բացման արարողությանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Գերմանիայի փոխդեսպանը: Ի դեպ՝ միջոցառման հովանավորները հենց երկու դեսպանություններն են: Փոխնարար Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ նախարարությունը մեկ տարի առաջ սկսեց տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարություն մշակել, որի ընթացքում աշխատանքային խումբը պարզեց՝ Հայաստանում հագուստի արտադրությունը բարձր դիրքերում է, բայց որոշ բացեր կան:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այն, ինչը պակասում էր, մեր պատկերացմամբ՝ ստեղծարար մտքի, դիզայնի, մարկետինգի և այլ ստեղծարար ծառայությունների պակասն էր մեր ոլորտում: Կառավարությունը այս տարի արդեն ընդունել է ռազմավարությունը և առաջիկա տարիների ընթացքում խոստացել է ծախսել ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար՝ ոլորտի զարգացման վրա:
Ռաֆայել Գևորգյանը նորություն հայտնեց՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների գործակցության արդյունքում Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի զարգացման հիմնադրամ:
«Երևանի նորաձևության շաբաթն» առաջինն է Հայաստանում իր մասշտաբով. 6 օրվա ընթացքում կլինի 22 ցուցադրություն: Ներկաները հնարավորություն կունենան տեսնել հայկական ավելի քան 60 բրենդի արտադրանք, մասնակցել պանելային քննարկումների և ցուցահանդեսների, գնումներ կատարել նորաձևության մարկետում:
0Comments