Մինասյանը` Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին. Բամբասանքներ են

Մանրամասներ

 

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին հրապարակումները բամբասանքներ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Կարեն Անդրեասյանի հետ կապված այդ ԶԼՄ հայտարարությունները իմ կարծիքով բամբասանքներ են՝ ոչ ավելին»,– ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԱԱԾ-ն Անդրեասյանի դեմ լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։

Անդրադառնալով այն պնդումներին, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ ճնշումներ են իրականացվում՝ նախարարն արձագանքեց.

«Իմ համոզմամբ, պաշտպանվող կողմը բոլոր ձեւերով փորձում է ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, որը նորմալ է, նրանք իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակներում են:

Բնական է, որ իրավախախտը եւ՛ ենթադրյալ, թե՛ այն անձինք, որոնք ենթարկվել են պատասխանատվության, պետք է ինչ-որ ձեւով պաշտպանվեն, օրինակ՝ եթե մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ասում է՝ քաղաքական ետապնդում է, եթե դատավորը բռնվում է իրավախախտ գործունեության մեջ, պետք է ասի՝ ճնշում է: Այսինքն՝ մարդ են, որոնք պաշտպանվում են, մենք ժողովրդավարական երկրում ենք»: