Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է 3-րդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. ՌԻԱ «Նովոստի»

Մանրամասներ

Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության՝ Tert.am) ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողութան իրականացմամբ. այս մասին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։ 

«Վաշինգտոնը վերջնագրային ձևով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է համաձայնել առաջիկայում «երրորդ երկրում» ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը Միացյալ Նահանգները տարածաշրջան մտցնելն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, նրան սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ»,- պարզաբանել է աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան «խաղաղարար նախաձեռնության» «լոբբինգով զբաղվում է» Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը:

Հավելենք, որ Комсомольская Правда թերթն իր հերթին գրում է, որ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ ամերիկացիներն այլևս չեն սահմանափակվում Բաքվի և Երևանի միջև միջնորդությամբ, այլև որոշել են ուղղակիորեն մտնել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ։