«Ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանը ռուսական գազ չի վաճառում Եվրամիությանը». ԵԽ պատգամավոր

Մանրամասներ

Եվրախորհրդարանում «Հայ-ադրբեջանական հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ պատգամավոր Նատալի Լուազոնը բարձրացրել է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցության հարցը։

Նա, մասնավորապես, նշել է, որ ԵՄ-ն խորացնում է համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ նրան անվանելով «վստահելի» գործընկեր՝ շրջափակման մեջ Լեռնային Ղարաբաղի հայերին օգնելու փոխարեն։ Լուազոնը հարցրել է. «Ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանը չի վաճառում ռուսական գազը Եվրամիությանը»:

Պատասխանելով հարցին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ Եվրամիությունը հավասարակշռված դիրքորոշում ունի՝ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Բորելի խոսքով՝ Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը չի իրականացվում հայ-ադրբեջանական երկխոսության մեջ Ադրբեջանին քննադատելու ինչպես նաև մարդու իրավունքների հաշվին։