Ներդրվել է նոր վեբ համակարգ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում

Մանրամասներ

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունքում Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներդրվել է ՊԵԿ կողմից հարկադիր կատարման ներկայացվող վարչական ակտերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու նոր ծրագրային համակարգ (վեբ հարթակ)։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ նոր վեբ համակարգը ՊԵԿ-ին հնարավորություն է ընձեռնում ոչ միայն էլեկտրոնային եղանակով՝ ավտոմատացման ենթակա թվայնացված տվյալներով, հարկադիր կատարման ներկայացնել վարչական ակտերը, այլ նաև որպես պահանջատեր հետևել կատարողական վարույթի ընթացքին, ծանոթանալ բոլոր որոշումներին և կատարողական վարույթին կից բոլոր նյութերին։

Ներդրված համակարգի բաղադրիչներից մեկը հնարավորություն է ընձեռում նաև հարկադիր կատարողին առցանց եղանակով ճշգրտել ՊԵԿ-ի կոմից հարկադիր կատարման ներկայացված վարչական ակտերով հարուցված կատարողական վարույթների տոկոսային հաշվարկ պարունակող տույժերի և տուգանքների մնացորդը, ինչը զգալիորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։

Վեբ ծրագրի մեկ այլ գոծիքակազմի շնորհիվ՝ ՊԵԿ-ը հնարավորություն ունի անմիջապես համակարգում մուտքագրել ուղիղ մարման եղանակով մարված պարտավորությունների մասին տեղեկատվությունը։

Այս վեբ համակարգը զգալիորեն կբարձրացնի երկկողմ աշխատանքի արդյունավետությունը, կխնայի զգալի աշխատաժամանակ, որը տրամադրվում էր ուղիղ մարման կամ հաշվառվող տոկոսների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակելու համար։ Աշխատանքային կարգով քննարկումների արդյունքում համակարգի տեխնիկածրագրային հնարավորություններն անընդհատ ընդլայնվելու են։