Եթե Ռուսաստանը դուրս բերի խաղաղապահներին, Հայաստանի հետ հակամարտություն կլինի, քանի որ Ղարաբաղում տեղի կունենա հայ բնակչության էթնիկ զտում

Մանրամասներ

Ներկայիս պայմաններում ռուսական ներկայության պահպանման տեսանկյունից լավագույն լուծումը կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն այն մասին, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը կառավարելու մանդատ է ստացել, օրինակ, 20 տարով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Նրա գնահատմամբ, հաշվի առնելով, որ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Ադրբեջանի մեղքով, որը հրաժարվում է դա քննարկել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող էր նման որոշում կայացնել: 

«Սակայն այժմ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատում կա։ Ամենայն հավանականությամբ, մինչեւ 2025 թվականը (մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ժամկետի ավարտը-խմբ.) այդ առճակատումը չի ավարտվի։ Ուստի կասկածելի է հույս դնել, որ տեղի կունենա տեսակետների համընկնում, եւ ռուսական զորակազմը կստանա ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատը։ Առավել եւս, որ Արեւմուտքը, ընդհակառակը, ձգտում է առավելագույնս բարդացնել իրավիճակը Ռուսաստանի համար. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կլուծեր իրավիճակը, եւ Ռուսաստանը կարող էր պահպանել իր զորակազմը: Սակայն Արեւմուտքը ցանկանում է հակամարտություն հրահրել Ռուսաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,-նշեց նա։   

Ալեքսանդրովը համոզված է, որ եթե Ռուսաստանը դուրս բերի զորախումբը, ապա հակամարտություն կլինի Հայաստանի հետ, քանի որ տեղի կունենա հայ բնակչության էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում:

«Դրա մեղքը բարդվելու է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի վրա։ Ուստի Արեւմուտքը չի աջակցի Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կարգավիճակին։ Սակայն Ռուսաստանը միակողմանի տարբերակ ունի դա անելու՝ հայտարարելով, որ քանի որ Ադրբեջանը չի հասել ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ապա Ռուսաստանը չի կարող թույլ տալ էթնիկ զտումներ եւ իր զորախումբը թողնում է մինչեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ հակամարտության կարգավորումը: Դա կախված կլինի Մոսկվայի քաղաքական կամքից»,-նշեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն սխալմամբ ակնկալում է, որ եթե Հայաստանը զիջումների գնա սահմանազատման եւ Հայաստանի տարածքով միջանցքի բացման հարցում, ապա Բաքուն չի շրջափակի Լեռնային Ղարաբաղը:

«Նման հիմքեր չկան»,-եզրափակեց փորձագետը: