ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Մանրամասներ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ Առաջադրման վերաբերյալ տեսանյութը նա տարածել է իր Twitter-ի էջում։

«Հեշտ կլիներ հեռու մնալ: Բայց ես այդպես չեմ դաստիարակվել: Ուստի այսօր Աստծո և իմ ընտանիքի առջև հայտարարում եմ, որ մասնակցելու եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին», – ասում է Փենսը:

Փենսը, ով ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, մեղադրում է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին և «արմատական ​​ձախերին»՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով Միացյալ Նահանգները թուլացնելու մեջ:

«Ամերիկյան երազանքը ջախջախվում է մոլեգնող գնաճով, աշխատավարձերը նվազում են, ռեցեսիան մոտալուտ է, մեր հարավային սահմանը շրջափակման մեջ է, և ազատության թշնամիները շրջում են աշխարհով», – ասում է նա՝ նշելով, որ ամերիկյան արժեքները վտանգի տակ են ավելի, քան երբևէ:

Նախկին փոխնախագահը նշում է, որ «տարբեր ժամանակներ պահանջում են տարբեր ղեկավարություն»։

«Մենք կարող ենք վերականգնել այս երկիրը: Մենք կարող ենք պաշտպանել մեր ժողովրդին և ապահովել մեր սահմանը: Մենք կարող ենք վերականգնել մեր տնտեսությունը և վերադարձնել մեր երկիրը հավասարակշռված բյուջեի ուղու վրա, պաշտպանել մեր ազատությունները և Ամերիկային նոր սկիզբ տալ», – ասում է Փենսը:

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին Բայդենը հայտարարեց, որ կձգտի վերընտրվել կառավարության բարձրագույն պաշտոնում։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական մրցապայքարին մասնակցելու մասին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին։