Հարկային բնույթի հանցագործություններն ու մաքսանենգության դեպքերը կքննի Քննչական կոմիտեն

Մանրամասներ

Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննությունը 2023թ․ հունվարի 1-ից ՀՀ ՊԵԿ-ից կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեին.

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հարկային ծառայության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին։

Ըստ այդմ, 2023թ․ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով համապատասխան դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել ՀՀ քննչական կոմիտեին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխարեն։

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ․ հունվարի 1-ից կփոխանցվեն ՔԿ-ին։ Իսկ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում կձևավորվի նոր՝ Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչություն։