Երեկ կրակոցներ են եղել, հիմա սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար

Մանրամասներ

Այս պահին սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն է տրվել։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք։ Ընդհանուր առմամբ հարաբերականորեն կայուն է», - ասաց փոխնախարարը։

Հարցին, թե ինչ տեղեկություններ ունեն մայիսի 26-ին Հայաստանի տարածքից Ադրբեջանի կողմից առևանգված զինծառայողների մասին, Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղվի նախաքննական մարմնին, քանի որ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է և իր կողմից մեկնաբանությունները ցանկալի չեն։

Անդրադառնալով նախօրեին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի այն հայտարարությանը, թե Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել՝ պաշտպանության փոխնախարարն ընդգծեց, այդ մասին ևս հաղորդագրություններ են եղել, սակայն հավելեց՝ դրանք հպանցիկ են եղել։

«Ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ և որևէ մեկնաբանություն անեմ։ Թեման զգայուն է», -ասաց նա։

Ճշտող հարցին, թե որ հատվածների մասին է խոսքը, Սարգսյանը նշեց, որ հարցը ճիշտ կլինի ուղղել Սյունիքի մարզպետին։