WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Մանրամասներ

WhatsApp հավելվածի՝ iOS-ի և Android-ի համար բետա տարբերակներում հայտնվել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ընտրել պատկերի լուծաչափը նախքան այն ուղարկելը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Ներկայում նկար ուղարկելիս WhatsApp-ը մեծապես սեղմում է այն՝ ստացողի սարքում խնայելու տրաֆիկն ու տեղը, ինչը հանգեցնում է նկարի որակի զգալի վատացման։

Նոր գործառույթը թույլ է տալիս ֆայլն ուղարկելուց առաջ ընտրել դրա լուծաչափը։ Մասնավորապես, առաջարկվում է երկու տարբերակ. Ստանդարտ որակ (1600 x 1052 պիքսել) և HD որակ (4096 x 2692 պիքսել): Բարձր լուծաչափով ուղարկվելուց հետո պատկերը չաթում նշվում է HD պատկերակով։

Հենց հիմա նոր գործառույթը հասանելի է WhatsApp-ի բետա տարբերակների օգտատերերին Android-ի և iOS-ի համար՝ համապատասխանաբար 2.23.12.13 և 23.11.0.76 համարներով: Թե երբ մեսենջերի հանրային տարբերակում կհայտնվի բարձր լուծաչափով նկարներ ուղարկելու հնարավորությունը, չի հաղորդվում։