Թուրքիայի նոր արտգործնախարարը կուժեղացնի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ կապեր հաստատելու ջանքերը

Մանրամասներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ կապեր հաստատելու ջանքերը, ինչպես այդ ուղղությամբ քայլեր էր անում որպես ազգային հետախուզական գործակալության ղեկավար։  Այս մասին ասել են խնդրին ծանոթ մարդիկ, գրել է Bloomberg-ը:

54-ամյա Ֆիդանը երկուշաբթի օրը փոխարինել է Մևլութ Չավուշօղլուին՝ դառնալով ժամանակակից Թուրքիայի ստեղծման օրվանից ի վեր ռազմական մասնագիտությամբ երկրորդ արտգործնախարարը։

Մարդիկ, որոնք խնդրել են չբացահայտել իրենց ինքնությունը, ասել են, որ նա կուլիսային բանակցություններ էր վարում տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելու համար։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից անմիջապես մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։