Մանդատ տվե՞լ են, որ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում. Բաբայանն՝ Արարատ Միրզոյանին

Մանրամասներ

Անհասկանալի է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի ո՛չ ժողովուրդը, ո՛չ իշխանություններն իրենց չեն լիազորել բանակցել Արցախի կարգավիճակի շուրջ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ,  խորհրդական Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի խորհրդականը հարց է բարձրաձայնում՝ ի՞նչ է նշանակում մանդատ ստացե՞լ են, թե՞ ոչ։ 

Բաբայանի կարծիքով՝  Հայաստանի իշխանությունները  մանդատ ստացել են հայ ժողովրդից՝ Արցախը պաշտպանելու և պահպանելու։ 

«Արցախի մասին դրույթներ կան գրված ՀՀ Սահմանադրության մեջ, որոնք պարտավոր են կատարվել: Արցախի վերաբերյալ դրույթներ կան գրված նաև  ՔՊ  կուսակցության կանոնադրության, ծրագրի մեջ, հետևաբար, նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։

Իրենք դրանով իսկ պարտավորություն են  վերցրել, որ պահեն Արցախը: Հիմա ի՞նչ է նշանակում՝ մենք մանդատ չենք ստացել, իսկ Ձեզ մանդատ տվե՞լ են, որ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում»,- տարակուսեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների  գծով ներկայացուցիչը:

Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ Հայաստանը հանդիսանում է Արցախյան հակամարտության և՛ կողմ, և՛ բանակցային գործընթացի կողմ, ինչն ամրագրված է Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման մեջ: Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ այս ամենը նաև միջազգային պարտավորություն է, որը պետք է կատարվի:

«Այդ մանդատն իրենք են վերցրել մի մասը պարտավորությունների տեսքով: Հիմա էլ ի՞նչ մանդատ են ուզում: Եթե Հայաստանը հրաժարվում է Արցախից, այսինքն՝ մայրը հրաժարվում է իր երեխայից, սա որևէ ձևով լավ բանի չի բերելու: Պետք է հասկանել, թե ինչ ծանր խաչմերուկում ենք մենք հիմա գտնվում: Սա ոչ միայն Արցախի, այլ՝ հայ ժողովրդի ինքնորոշման հարցն է»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամաակ Արարատ Միրզոյանը հայտարարել է,  որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չեն ստացել՝ իրենց ապագան բանակցելու: