Արևմուտքը Բելառուսում իշխանափոխության ուժային սցենար է պատրաստում. Լուկաշենկո

Մանրամասներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արևմտյան երկրներն ուժային սցենար են պատրաստում իր երկրում իշխանափոխության համար։ Նրա խոսքով՝ Լեհաստանում, Լիտվայում և Ուկրաինայում «անօրինական զինված խմբավորումների անդամներ» են վերապատրաստվում, Բելառուսում «փորձեր են արվում ստեղծել ծայրահեղական քնած բջիջներ»։

«Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա կարող եմ նշել, որ Լեհաստանում, Լիտվայում և, ցավոք, Ուկրաինայում ապօրինի զինված խմբավորումների անդամներ են վերապատրաստվում, փորձեր են արվում անմիջապես երկրում ստեղծել քնած ծայրահեղական բջիջներ։ Վերջին փաստերն ապացուցում են դա ...Այսինքն՝ պատրաստում են իշխանափոխության ուժային սցենար։ Մենք դա տեսնում ենք։ Մենք դա թույլ չենք տա»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի ժամանակ:

Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է նաև, որ ԱՊՀ-ի շուրջ «ռազմաքաղաքական իրավիճակը» սրվում է։

«Եվ մենք պետք է հասկանանք, որ խոշոր խաղացողներին՝ Ռուսաստանը, Բելառուսը, Կենտրոնական Ասիայի երկրները, կամաց-կամաց փորձում են իրարից բաժանել: Մենք դա չպետք է թույլ տանք»,- ասել է նա։

Լուկաշենկոն նաև նշել է «ՆԱՏՕ-ի բլոկի երկրների աճող ռազմականացումը և զորքերի աննախադեպ կենտրոնացումը» Բելառուսի սահմանների մոտ։ Նրա կարծիքով, այժմ առանցքային սպառնալիքների թվում են տեղեկատվական և հոգեբանական ազդեցությունը և ֆեյքերի տարածումը։