ԱՄՆ-ում Դեսանտիսի նախագահական ընտրարշավի պաշտոնական մեկնարկը Twitter-ում բախվել է լուրջ տեխնիկական խնդիրների

Մանրամասներ

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը Դաշնային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր թեկնածությունը 2024 թ.-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Հանրապետական կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար նա պետք է պայքարի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ինչպես տեղեկանում է CNN-ից, Դեսանտիսն իր առաջադրման մասին պաշտոնապես հայտարարել է Twitter-ի իր էջում, ինչպես նաև Twitter Spaces հարթակում սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի և ձեռնարկատեր, ներդրող Դեյվիդ Սաքսի հետ զրույցում: Սակայն միջոցառման ընթացքում մասնակիցների մեծ թվի պատճառով լուրջ տեխնիկական խնդիրներ են առաջացել:

CNN-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը միացել են Twitter-ի ավելի քան 500 հազար օգտատերեր, և սերվերները չեն դիմացել գերծանրաբեռնվածությանը: Ընտրարշավի մեկնարկի մասին Դեսանտիսի հայտարարությունը գրեթե կես ժամով հետաձգվել է: Երբ միջոցառումը վերսկսվել է Սաքսի օգտահաշվով, դրան միացել են միայն 250 հազար օգտատերեր: