Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության վերականգնումը մեծապես կախված կլինի Էրդողանի սկզբունքային դիրքորոշումից. Հասանգուլիև

Մանրամասներ

«Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության վերականգնումը մեծապես կախված կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկզբունքային դիրքորոշումից»։

Նման կարծիք է հայտնել Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը, հայտնում է Haqqin.az-ը։

Նա նշել է, որ այդ առումով Ադրբեջանը թյուրքական պետությունների հետ սերտ համագործակցության կարիք ունի։ «Ցավոք, Ռուսաստանն այսօր շահագրգռված չէ հակամարտության վերջնական լուծմամբ։ Այս առումով անհրաժեշտ է լրջորեն աշխատել Թուրքիայի և թյուրքական պետությունների հետ։

Մենք և մեր դաշնակիցները պետք է համապատասխան առաջարկներ անենք Ռուսաստանին, պահանջներ ներկայացնենք և համոզենք նրան ընդունել դրանք։ Այսինքն՝ Մոսկվան կամ պետք է ճանաչի մեր ինքնիշխան իրավունքները Ղարաբաղի նկատմամբ և նպաստի խաղաղությանը, կամ կորցնի Ադրբեջանն ու Թուրքիան»,- կարծում է պատգամավորը։

Ընդ որում, ադրբեջանցի պատգամավորը պահանջում է «արտահանձնել» Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

«Եթե Փաշինյանը շուտով խաղաղության պայմանագիր չստորագրի, նա կա՛մ կհեռացվի իշխանությունից, կա՛մ կկալանավորվի, կա՛մ կգնդակահարվի, ինչպես 1999-ի հոկտեմբերին խորհրդարանում վարչապետ Վազգեն Սարգսյանն ու խոսնակ Ստեփան Դեմիրճյանը։ Դրանից հետո կա՛մ պետք է համակերպվենք Ղարաբաղում առկա ստատուս-քվոյի պահպանման հետ, կա՛մ նոր մեծ արյունալի պատերազմի մեջ մտնենք Հայաստանի հետ, որին Ռուսաստանը բացահայտ պաշտպանում է։ Այ թե ինչու մենք պետք է հենց հիմա վերականգնենք ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասում է Գուդրաթ Հասանգուլիևը։