ՀՀ ՊՆ-ը հորդորում է ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին չշտապել և չտարածել իրենց ստացած այս կամ այն սխալ տեղեկությունը, ավելորդ սթրեսի չենթարկել զինծառայողների ծնողներին

Մանրամասներ

Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, սահմանային միջադեպերի, առաջնագծում լարված իրադրության ժամանակ, երբ, ցավոք սրտի, հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվում կամ վիրավորվում, որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի օգտատերեր, այս կամ այն ճանապարհով ստանալով այդ տեղեկությունը, որը շատ հաճախ լինում է ոչ ստույգ և սխալ, շտապում են հաղորդել այն հանրությանը:

Պաշտպանության նախարարությունը բազմիցս հորդորել է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նման իրավիճակներում սպասել պաշտոնական հաղորդագրությանը, քանի որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունները հրապարակում է միայն բազմակի ստուգումներից, զոհված զինծառայողի ընտանիքին սահմանված կարգով տեղեկացնելուց հետո:

Այսօր ևս, ինչպես նախորդ օրերին, լրատվամիջոցներից մեկը շտապել է հանրայնացնել իր ստացած սխալ տեղեկությունը` նշելով, թե զոհված զինծառայողը Շիրակի մարզից է: Պաշտպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարին զանգահարել են Շիրակի մարզից զինծառայողների բազմաթիվ ծնողներ, ովքեր փորձել են ճշտել այդ տեղեկությունը:

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նմանօրինակ իրավիճակներում չշտապել և չտարածել իրենց ստացած այս կամ այն սխալ տեղեկությունը, ավելորդ սթրեսի չենթարկել զինծառայողների ծնողներին, հետևել պաշտոնական լրահոսին. պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ:

ՀՀ ՊՆ