Ռուսաստանն ագրեսոր է․ Իշխանություններին կոչ եմ անում Անվտանգության խորհուրդ հրավիրել․ Զուրաբիշվիլի

Մանրամասներ

Ես կարծում եմ, որ դա միանգամայն անընդունելի է, անտեղի, ժամանակավրեպ, մեզ պետք չէ ո՛չ վիզաների չեղարկում, ո՛չ ուղիղ ավիաչվերթների վերականգնում, քանի որ Ռուսաստանն ագրեսոր է ամբողջ աշխարհի համար։ Քանի դեռ նա մեր տարածքների օկուպանտ է, նման ժեստը ժամանակավրեպ է եւ անընդունելի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հետ կապված ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։ Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, դա ռուսական սադրանք է։ «Այսօր մենք բոլորս լսեցինք ռուսական հերթական սադրիչ հայտարարությունը։ Ո՞րն է այդ սադրանքի նպատակը։ Հնարավոր է, մի կողմից, իր պարտությունը, Բահմութում տապալումը քողարկելը, հնարավոր է, որ դա պատասխան էր նախօրեին ԵՄ-ի կողմից հայտարարված պատժամիջոցների 11-րդ փաթեթին։

Ամեն ինչ կարող է լինել, բայց մեզ համար ամենակարեւորն այն է, որ սա ուղղակի սադրանք է, որը մեր իշխանությանը եւ հասարակությանը դնում է մեծ մարտահրավերի առջեւ։ Դա, անկասկած, որոշակի լարվածություն կառաջացնի կուսակցությունների միջեւ, թեեւ ես վստահ եմ, որ դա լարվածություն չի առաջացնի հասարակության մեջ, դա արձագանք կառաջացնի հասարակության կողմից, որը լավ հասկանում է, որ երբ Ռուսաստանը նման քայլեր է անում, ապա դա անում է միայն իր շահերից ելնելով։ Ցավալի է, որ մեր իշխանությունը դեռ չի հասկացել ու չի մտածել մեր անցյալի պատմության ու այն օրինակների մասին, որոնք գոյություն ունեն, որ Ռուսաստանը երբեք չի պատասխանում իշխանության զիջումներին զիջումներով, իշխանությունը պետք է մտածի այդ մասին։ Ես արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը թվիթթերում։  

Ես բազմիցս պահանջել եմ, հրավիրել անվտանգության խորհուրդ եւ հրապարակայնորեն քննարկել Ռուսաստանի հետ 3-ամսյա վիզաների ներդրումը, ինչն անհրաժեշտ է մեր ներքին մարտահրավերների առումով։ Անհրաժեշտ է պետության կողմից ավելի մեծ վերահսկողություն այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք մուտք են գործում երկիր եւ մնում Վրաստանում, անհրաժեշտ է ինչ-որ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ամեն ինչ տեղավորվի նորմալ, քաղաքակիրթ շրջանակներում»,-ասել է Զուրաբիշվիլին։