Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լեւոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել. Վովա Գասպարյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տունը ես ստացել եմ նվեր ինձ հարազատ մարդկանցից: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, դատարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Այս տունը ինձ հարազատ մարդկանցից մեկն է ժամանակին գնել իր տղաների համար, ոչ թե ինձ համար: Երբ տղաներն ասել են, որ չեն վերադառնալու արտասահմանից, այդպես նվիրել են ինձ, իմ ծրագրերում այս տունը երբեք չի լինելու: Ես նրանց քավորն եմ: Երբ ժամանակին այդ մարդն իր բիզնեսն էր դնում, ես չեմ թողել, որ նրան կրիմինալը նեղություն տա: Սիրուն է չէ՞ տունը, ճաշակով է արած, ես միշտ ճաշակով եմ ամեն ինչ անում: Դատի տրվեց, դատավոր Արթուր Մկրտչյանը, որն Աղասի Դանիելյանի գործընկերն էր, որոնք ՊՆ-ում տարիներ շարունակ տենդերներ են շահում, այդ Արթուր Մկրտչյանը մի ժամանակ Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ է եղել, երբ ես նշանակվել եմ ոստիկանապետ, նրան ազատել եմ աշխատանքից՝ վատ աշխատելու եւ քիթն ամեն տեղ մտցնելու համար, բանից պարզվում է, որ տան գործը գտնվում է իր վարույթում: Եվ դատարանում Աղասի Դանիելյանը հաղթում է, մենք այն բողոքարկում ենք, Վերաքննիչ դատարանը բեկանում է, եւ Արթուր Մկրտչյանը գնում է թոշակի չգիտեմ՝ ինչու»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Անդրադառնալով քրեական գործում իր դստեր՝ աշխատանքի չհաճախելու մասին դրվագին՝ նախկին ոստիկանապետն ասաց. «Իմ աղջիկը իրավաբանի կրթություն ունի, ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք: Ես իմացել եմ, որ աղջիկս աշխատում է, բայց ես չեմ իմացել, որ նա ռեժիմով բացակայում է»:

Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի եւ Լեւոն Սարգսյանի մեղադրանքի այն մասին, որ  ռազմական ոստիկանությունում գրանցված լինելով որպես ծառայող, վարորդն ապահովել է նրանց անվտանգությունը, Գասպարյանն ասաց, որ այդ մասին նա իմացել է ուշ. «Ես իմացել եմ դրա մասին շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ով որտեղ ինչ վարորդ է աշխատում: Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունը սպասարկել են իմ տեղակալները: Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լեւոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»:

Անդրադառնալով քրեական գործի այն դրվագին, թե իր կինը չի հաճախել աշխատանքի, Գասպարյանն ասաց. «Իմ կինը աշխատել է, գլուխները պատին են տվել նրանք, որոնք ասում են, թե կինս չի աշխատել, սրիկա են այն մարդիկ, որոնք ասում են՝ չի աշխատել: Նա աշխատել է իմ հետ: Քարերը հավաքելու ժամանակ կա, ամեն ինչի համար պատասխան են տալու: Ոչինչ ես աբարոտկա կխլեմ:

Ես գիտեմ՝ ինչու եմ այս առողջական վիճակին հասել, ներել եմ այն մարդկանց, որոնց չարժեր ներել: Ես ազատվելուց հետո եմ հասկացել ներելու սահմանը, որից հետո դա մեղքի է վերածվում: Իմ մեղքն է, եւ ես պատիժս կրում եմ»: