Անձը դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանները անհայտ առարկայի միջոցով. ՔԿ

Մանրամասներ

Նկատի ունենալով, որ երեկ բազմաթիվ լրատվամիջոցներ բանավոր հարցեր են ուղղել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հնարավոր կրակոցների վերաբերյալ՝ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է հետևյալը.

«2023 թ․ մայիսի 3-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 03-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները անհայտ առարկայի միջոցով՝ իր կարծիքով օդաճնշիչ ատրճանակով։ Արդյունքում կրթահամալիրին պատճառել է գույքային վնաս:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում 22 վնասվածք է հայտնաբերվել կրթահամալիրի պատերին և լուսամուտներին։ Դեպքի վայրում հրազենային կրակոցների, մետաղական փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել։

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։

Քննչական և վարութային գործողություններ են կատարվում պարզելու կատարվածի հանգամանքները, հանցագործության հնարավոր գործիքը, ինչպես նաև՝ հայտնաբերելու առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց։

Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»։