Բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ է ներդրվում. Կլիցենզավորվեն նաեւ ուսանողները

Մանրամասներ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում եւ հարակից այլ օրենքներում փոփոխությունների փաթեթին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով օրենքը՝ նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ:

«2001 թվականին լիցենզավորման համակարգը ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ում կասեցվել է, վերջին 5 տարիների ուսումնասիրությունները եւ ընդհանուր համակարգային փոփոխությունների մեր տեսլականը չենք կարող պատկերացնել առանց մարդկային ներուժի զարգացման:

Այս նախագծով առաջարկում ենք ներդնել երկու տիպի լիցենզավորման ինստիտուտ: Առաջինը վերաբերելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին: Սա կարեւոր քայլ է տալ նրանց հնարավորություն ուսումնառության ընթացքում ունենալ նաեւ գործնական  եւ աշխատանքային փորձառություն: Այս անցումային լիցենզիայի շրջանակներում, իհարկե բժշկի հսկողության մեր օրդինատորները եւ ռեզիդենտները հնարավորություն  կունենան մասնագիտական գործուինեությամբ զբաղվելու եւ իրենց հմտությունները լավացնելու: Երկրորդը կրթությունն ամբողջությամբ ստացած մասնագետների լիցենզիան է:

Լիցենզիաները տրվելու են 5 տարի ժամկետով: Նախատեսել ենք երկար անցումային դրույթներ, քանի որ պետք է առողջապահական համակարգը նախապատրաստել այս բարեփոխմանը: 2024-ի հունվարի 1-ից կսկսվի անհատական լիցենզիաների տրամադրումը միայն օրդինատորների համար: Ամբողջությամբ համակարգը կսկսի գործել 2026-ից»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ լիցենզիաները տրվելու են քննություններ հանձնելով. «5 տարի հետո այն թարմացվելու է, եթե դրա կասեցման հիմքեր չկան: Կասեցման հիմք կարող է լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջների չիրականացնելը»,-ասաց Ավանեսյանը:

Բացի սրանից, ըստ նրա, նախատեսվում են նաեւ մասնագիտությունների եւ նեղ մասնագիտացումների ցանկերի վերանայման համար լիազորչող նորմեր. «Առաջիկայում կառավարության որոշումով կունենանք թարմացված առողջապահական բժշկական մասնագիտությունների ցանկեր, թե որ մասնագիտությունից ինչ նեղ մասնգիտացումներ կարող են ունենալ ուսանողները»: