Ինձ այնքան են ասել դավաճան, որ էլ չեմ վախենում, որ կասեն դավաճան. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Մանրամասներ

Եթե հայրենասիրության այսօրվա մոդելի մեջ մնանք, կլինի այնպես, ինչպես եղել է միշտ. մենք կայսրությունների փլուզման ժամանակ պետություն ենք ստեղծել, հետո երբ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, կորցրել ենք պետությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն ժամանակ պատգամավորներն էլ են տարբեր եղել, վարչապետներն էր: Այնպես չէ, որ կոնկրետ ինձնից կամ ձեզնից է: Մի ուրիշ գործոն կա, որ բոլորիս մեջ կա, դա մտածողություն է, այն մոդելն է, որով աշխարհն ընկալում ենք: Մեր հագուստը փոխվում է, տեխնոլոգիաները փոխվում են, բայց մենք այդ տեխնոլոգիաների մեջ նույն քառակուսին ենք գծում: Ես առաջարկում եմ, որ մենք խոսենք այս մասին, չմտածենք, որ մեզ կասեն՝ դու, փաստորեն, հայրենասեր չես, դավաճան ես: Մենք պետք է չվախենանք մտածելուց, երբեմն պետք է համարձակ, անսպասելի մտքեր արտահայտել»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ սա այն դեպքն է, որ իրեն կարող են ասել՝ ձենդ տաք տեղից է գալիս. «Որովհետեւ ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան: Դա էլ ձեր սխալն է, այնքան եք ասել: Լավ ա, լավ չի՝ էտ ա», - դիմելով ԱԺ ընդդիմությանն՝ ասաց վարչապետը՝

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շարունակում է պատրաստակամ մնալ՝  քննարկելու բոլոր թեմաներն ընդդիմության հետ: