Իրանի եւ Հնդկաստանի ազգային անվտանգության մարմինները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Մանրամասներ

Իրանի եւ Հնդկաստանի ազգային անվտանգության մարմինները հայտարարություն են տարածել Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Կումար Դովալի՝ Թեհրան կատարած այցի ավարտին՝ խոստանալով հանդես գալ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման նպատակով բազմակողմանի մոտեցման օգտին, հաղորդում է Mehr-ը:

Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի՝ Թեհրան կատարած մեկօրյա այցի եւ իրանցի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, դերծովակալ Ալի Շամհանիի հետ հանդիպումների ավարտին Իրանը եւ Հնդկաստանը համատեղ հայտարարություն են տարածել։

Գնահատելով գլոբալ, տարածաշրջանային եւ երկկողմ իրադարձությունները՝ կողմերն ընդգծել են երկու երկրների հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման նպատակով, ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը նաեւ հայտարարել են գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար համագործակցության ընդլայնման իրենց հանձնառության մասին եւ ընդգծել աշխարհում նոր եւ ազդեցիկ իրադարձությունների դիտարկման անհրաժեշտությունը՝ բազմակողմանի մոտեցումն ամրապնդելու համար:

Հայտարարության մեջ երկուստեք կարեւորվել է երկկողմ, տարածաշրջանային եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության ամրապնդումը՝ տարածաշրջանային ինտեգրման նպատակով:  

Երկու երկրներն էլ նշել են տրանսպորտը որպես տարածաշրջանային ինտեգրման եւ հավաքական բարեկեցության հիմնական տարր, ինչպես նաեւ ընդգծել են, որ Չաբահար նախագիծը երկու կողմերի միջեւ համագործակցության խորհրդանիշ է:

Կողմերը նաեւ ընդգծել են Ռուսաստանի Դաշնության եւ Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում այլ շահագրգիռ երկրների հետ համատեղ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ գոյություն ունեցող միջանցքները, հատկապես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը եւ այլ տրանսպորտային երթուղիները ավարտելու համար, որոնք Չաբահարն օգտագործում են որպես տարանցիկ հանգույց տարածաշրջանում:

Երկու կողմերն էլ մտահոգություն են հայտնել Աֆղանստանում հումանիտար եւ տնտեսական իրավիճակի վերաբերյալ եւ իրենց աջակցությունն են հայտնել ներառական կառավարության ստեղծմանը՝ բոլոր տարբեր խմբերի եւ էթնիկ խմբերի իրական մասնակցությամբ: