Վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի. Գարեգին Բ

Մանրամասներ

Ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում:

Այս մասին Մայր աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․

«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, այդ հայրական պատգամի փոխանցման:

Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Ինչպես նաև մտահոգիչ է ազգային մեր կյանքում, մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին:

Այդ իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով»,- ասաց կաթողիկոսը՝ ընդգծելով, որ այս խնդիրը առաջնահերթ խնդիր պետք է դիտարկենք յուրաքանչյուրս մեզ համար։