Իրադարձությունները կսկսեն զարգանալ այս տեքստի հրապարակումից ժամեր կամ գուցե նույնիսկ րոպեներ անց․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Երեկ վաղ առավոտյան շվեդական Գյոթեբորգի քաղաքապետարանի առջև բարձրացվեց Քրդական աշխատավորական կուսակցության դրոշը, ինչը մեր համար բավականին հոռի իրադարձությունների նախանշան է: Ընդ որում, այդ իրադարձությունները կսկսեն զարգանալ այս տեքստի հրապարակումից ժամեր կամ գուցե նույնիսկ րոպեներ անց:

Բուն դրոշ բարձրացնելը նշանակում է, որ արևմուտքը «պասլատ» է անում Էրդողանի կողմից առաջարկվող առևտրի կոնցեպտը: Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի ընդունումը հետաձգելով` Էրդողանը փորձում է մայիսի 14-ին տեղի ունենալիք համապետական ընտրություններում արևմուտքից կորզել լոյալություն սեփական թեկնածության հանդեպ: Ընդ որում, որպես բարի կամքի դրսևորում նա հաստատեց Ֆինլանդիայի հայտը, իսկ Շվեդիայի հայտը հետաձգեց, իբր թե Ստոկհոլմի կողմից քուրդ զինյալներին չարտահանձնելու պատճառով: Շվեդիան ակնհայտորեն չի շտապում Էրդողանի պահանջները կատարել, հասկանալով, որ խնդիրը այդ պահանջների մեջ չէ, այլ այն փաստում, որ Էրդողանի վարկանիշը բավարար չէ` մայիսի 14-ին երաշխավորված հաղթանակ տանելու համար, և նա փորձում է արևմուտքից կորզել իր մրցակից Քեմալ Քըլըչդարողլուին «փուռը տալու» երաշխիք, որի դիմաց էլ նա իբր թե կստորագրի Շվեդիայի` ՆԱՏՕ-ական հայտի տակ: Բայց դե, եթե Էրդողանը հանգիստ վերընտրվի էլ, Շվեդիան ում շունն է... էլի մի պատճառ կբռնի ու կձգի պրոցեսը` դա ծախելով Մոսկվայի վրա:

Այս ամենը հասկանում են բոլորը (ոչ միայն Գյոթեբորգի քաղաքապետարանում), ու հետևաբար, անկախ թուրքական ընտրությունների արդյունքներից, փորձագետները վստահ են, որ Թուրքիան մտնելու է անկայունության շրջան: Եթե Քըլըչդարողլուն հաղթեց, Էրդողանն իր պարտությունը չի ընդունելու և իր անչափ պասիոնար կողմնակիցներին տանելու է բախումների: Եթե Էրդողանն իրեն հռչակեց հաղթող, ապա արևմուտքը պիտի պայթեցնի իրավիճակը՝ ներսից քրդերով, իսկ դրսից` հույներով: Կա իհարկե երրորդ տարբերակ, ըստ որի ամեն ինչ խաղաղ կանցնի, կգնա, բայց դրա հավանականությունը շատ փոքր է:

Եվ հենց այս հավանականությունների հաշվարկն է, որ ստիպում է Մոսկվային շտապել: Եթե Թուրքիան մտնի անկայունության շրջան, իսկ դա ամենահավանական սցենարն է, ապա դա փոխում է ստատուս քվոն` թե Ուկրաինայում և թե Կովկասում: Տվյալ պահին Թուրքիան փակել է Բոսֆորը ՆԱՏՕ-ի նավատորմի համար ու բավական նեյտրալ դիրքորոշում ունի հակամարտության վերաբերյալ: Անշուշտ Քըրըչդարողլուն նման նեյտրալիտետ չի պահելու, ու ՌԴ վիճակը Ուկրաինայում Էականորեն կբարդանա իր հաղթանակի դեպքում: Էլ ավելի բարդ է լինելու վիճակը Կովկասում՝ արևմտամետ Անկարայի դեպքում Վրաստանն այլևս չի կարողանա Սահակաշվիլուն բանտում պահել ու զերծ մնալ ՌԴ-ի հետ երկրորդ ճակատ բացելուց (Աբխազիայում և Օսիայում), Ալիևի վիճակը էականորեն կբարդանա առանց Էրդողանի, դե իսկ Հայաստանում իրավիճակը լրիվ ձեռից կգնա:

Հայաստանում մինչ օրս իրավիճակը կարելի էր վերնագրել «Пашинян не предатель» խորագրով: Այսինքն Մոսկվան, Անկարան ու Բաքուն Թրամփյան Վաշինգտոնի լուռ համաձայնության ներքո Արցախը տվեցին Ադրբեջանին, բայց իշխանական աթոռում պահեցին Փաշինյանին, Պուտինի շուրթերով հավաստիացնելով, որ Նիկոլը դավաճան չէ, այլ ընդհակառակը՝ «խիզախ տղամարդ է»: Այսինքն, քանի դեռ Փաշինյանը անում էր այն, ինչ պետք էր վերոհիշյալ եռյակին, նրա իշխանությանը բան չէր սպառնա, իսկ ՀՀ «ընդդիմությանը» արգելված կլիներ նրան նույնիսկ դավաճան անվանել: Փաշինյանն էլ, հասկանալով, որ Բաքու-Անկարա-Մոսկվա եռյակի պահանջները կատարելուն պես նա ոչնչացվելու է, բռնեց, ամեն ինչ տվեց, բացի «զանգեզուրյան» միջանցքից, որը Իրանին Եվրոպայից կտրելու ու Ռուսաստանը Թուրքիայի հետ ցամաքով կապելու ռազմավարական նշանակություն ունի, մասնավորապես Չինական «մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի համատեքստում, որը էս պահին կղանքի մեջ է ուկրաինական ֆիասկոյի պատճառով:

Հիմա, երբ Էրդողանին մնացել է գուցե ոչ ավել քան 4 շաբաթ, «զանգեզուրյան» միջանցքը դառնում է հրատապ խնդիր: Սակայն միջանցքը լեգիտիմացնելու համար Ալիևին պետք է նորից միջազգային հանրության լոյալությունը ստանալ, ինչը շատ դժվար է Թրամփի բացակայության պայմաններում: Ալիևը հետևաբար դիմում է «խորամանկության»: Նա երեկ հայտարարել է, որ «Հայաստանում նորից գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը» և որ «պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացմանը»: Մեկն ըլներ հարցներ՝ թե «ռևանշիստներին» տենց փիս չես սիրում խի՞ էիր ընտրությունների շեմին մտնում Սև լիճը վերցնում, չէիր կարա՞ սպասեիր Նիկոլդ ընտրվեր նոր գրավեիր: Դու խելացի, ոմանց կարծիքով նաև կիրթ, ՄԳԻՄՈ ավարտած տղա, չէիր հասկանու՞մ որ դրանով միայն Քոչարյանին ես օգնում որ մի քիչ քվե հավաքի: Լավ էլ հասկանում էիր դու խորամանկ աղվես, դու, հին օրթախներիդ չես դավաճանում...

Ալիևի այս հայտարարությունը «մեր» ռևանշիստների մասին դիպլոմատիկ լեզվից թարգմանաբար նշանակում է հետևյալը՝ «արևմուտք ջան, Հայաստանում Մոսկվան ոնց որ ուզում ա վլաստը վերցնի ու կցի Հայաստանը Ուկրաինայի դեմ պատերազմին»: Որպեսզի Ալիևի այս պնդումը լինի լեգիտիմ «ռևանշիստ» կոչեցյալներն իրոք պիտի գլուխ բարձրացնեն, ինչը կնշանավորվի «он не предатель» դոկտրինի փոխակերպմամբ «չէ, ոնց որ թե, всё таки, предатель» դոկտրինով: Հայու գենը վերջապես կզարթնի ու կկրկնօրինակվի, հարյուր տարի առաջ տեղի ունեցած «մայիսյան ապստամբությունը», երբ, մեջբերում եմ՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարական խմբավորումները, բոլշևիկյան Ռուսաստանի, մուսավաթական Ադրբեջանի և վերջինիս ավագ «եղբայր» և հովանավոր քեմալական Թուրքիայի աջակցությամբ» դրին սկիզբը առաջին հանրապետության վախճանի: Միակ տարբերությունն այն է, որ էն ժամանակ այդ բոլորը Դաշնակցության դեմ էին դուրս եկել, իսկ հիմա պատկերը մի փոքր այլ է հենց Դաշնակցության մասով:

Սցենարն էլ լինելու է պարզ և փորձված: Եթե Սերժին «չոքցնելու» համար եղավ ապրիլյան պատերազմ, հետո` «Ծռեր», հետո` Կարեն Կարապետյան, ով կոմբինացիան ավարտեց խաբեությամբ իշխանությունը Փաշինյանին փոխանցելով, ապա տվյալ դեպքում սկզբից պետք է լինի «Նոր Ծռերի» «ռևանշիստական» ապստամբությունը արդեն դավաճան համարվող Նիկոլի դեմ, հետո կլինի ապրիլյան պատերազմի կրկնօրինակը, իսկ հետո նորից մի «Կարապետյան» կհայտնվի, օրինակ, երբ միջանցքն արդեն գրավված կլինի:

Բաքվում ապրիլի վերջին պետք է Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կայանա, հետևաբար հավանական է, որ «նոր ապրիլյանը» իրականում լինի «մայիսյան» պատերազմ, բայց այն պիտի ավարտվի Թուրքական ընտրություններից առաջ, որ Էրդողանը ևս մի բանակցային կետ ունենա արևմուտքի հետ՝ «ինձ լեգիտիմ համարեք, թե չէ Հայաստանը կուլ կտանք» խորագրով: Դե դա էլ նշանակում է, որ «նոր Ծռերն» ունեն մոտ 10 օր` ահեղ ռևանշիստական ապստամբություն կազմակերպելու ու Ալիևին հարձակման պատրվակ տալու համար:

Արևմուտքում էլ ակնհայտորեն այս ամենը հասկանում են և սկսել են գործել ոչ միայն Թուրքիայում ու Ուկրաինայում, այլ նաև Հայաստանում և կից դաշտերում: Ըստ ամենայնի շուտով ԱՄՆ-ում կձերբակալվի կամ գուցե Մեխիկոյում մի մութ փողոցում ավտոյի տակ կընկնի ՀԽՍՀ օրհներգի ներքո Հայաստանում պարբերաբար պարտվողական պանիկա տարածող համար մեկ քֆուրչի բլոգգերը: Տեսանելի են նաև մի շարք այլ քայլեր Հայաստանի ներսում: Թե ինչքանով դրանք կլինեն արդյունավետ, դժվարանում եմ ասել:

Էլ ավելի դժվար է ասել, թե ինչ պետք է անենք մենք՝ այս ամենից լավ հոգնած, ճշմարտության թելը կորցրած, բայց անկախ Հայաստանի հույսով ապրող քաղաքացիներս: Մի կողմից սեփական կաշին փրկել փորձող Փաշինյանն է, որ բողոքում է հինգերորդ շարասյունից, որոնց հիմնական դերակատարներին նա մեդալներ և կոչումներ էր շռայլում հենց այն պահին, երբ նրանք Արցախն էին խուրդում: Մյուս կողմից այդ հինգերորդ շարասյունն է ու դրանց ատամներով պահող տիտղոսային «ընդդիմությունը»: Ո՞րն ա սրանցից ավելի մեծ չարիք, աստված գիտի...

Ավարտելով` ուզում եմ ձեզ պատմել ոչ այդքան հեռավոր անցյալից մի դրվագ: 1981 թվականի հուլիսի 18-ին ՀԽՍՀ օդային տարածքում սովետական ՍՈւ-15-ը մխրճվել է Արգենտինական Ավիաուղիների CL-44 տեսակի բեռնատար օդանավի մեջ և կործանել այն: Օդանավի 3 օդաչուն և մեկ Բրիտանիայի քաղաքացին մահանում են: Այդ օդանավը Թեհրանից վերադառնում էր Թել-Ավիվ, որտեղից մինչ այդ զենք էր մատակարարել` նոր-նոր հեղափոխություն ունեցած և այլևս Իսլամական Իրան: Այն Իրան, որի գլխավոր թշնամին իբր թե ԱՄՆ-ն ու հենց Իսրայելն էին: Զենքը բնական է ամերիկյան էր: Այո´, Ամերիկան ու Բրիտանիան Իսրայելի միջոցով զենք էին մատակարարում, երեք տարի առաջ իսլամական դարձած ու արևմուտքն անիծող Իրանին, որպեսզի նա պատերազմի Սովետի դաշնակից Իրաքի դեմ, իսկ Սովետը այդ օդանավը խփեց, ինչը սակայն չխանգառեց ԱՄՆ-ին տարիներ շարունակ անխափան զինել Իրանին և ջախջախել Իրաքին: Աշխարհին սա հայտնի է որպես «Իրան-կոնտրա» սկանդալի մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ գոնե ռոմանտիկների ու դավադրապաշտների սիրտն այս պատմությունը մի փոքր կհովացնի: Մարդ ես, կարող է իրոք պլստանք էս անգամ: Առաջին անգամ հազար տարվա մեջ:

Հ.Գ. Իմիջայլոց, Սովետն ասեց, որ օդաչուի պատահական սխալի պատճառով է «արգենտինական» օդանավը կործանվել: Սակայն, օդանավին հարվածած Սու-ի օդաչու Վալենտին Կուլյակինին, շնորհեցին ԽՍՀՄ հերոսի կոչումից հետո դասակարգով երկրորդ բարձրագույն պարգևը: Արգենտինական օդանավն ընկավ ներկայիս Արմավիրի մարզում, ուր մինչ օրս գտնում են դրա բեկորները: Թե խի՞ էր էդ օրը Իրանից Իսրայել մեկնող օդանավը Թուրքիայի փոխարեն որոշել Արմավիրի վրայով անցնել, ոչ մեկ չգիտի...

Արթուր Դանիելյան