ՀՀԿ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը

Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելը անթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

Ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի  հայտարարության մեջ․

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը  ի արձագանք Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ-ում հնչեցրած մոտեցումների, այն է. «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության  հիմք»:

Հայտարարում է՝

1. Հայաստանի Հանրապետությունն երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ և երբեք նրա տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի դրել:

2. Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում այդ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ստեղծվել են 2 պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

3. «Պետական անկախության մասին» Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրական ակտով Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե իրավական առումով, թե փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել:

5. 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, որը ՝

• պարունակում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին դրույթ:

• ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

• չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետության սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններում ճանաչելու համար:

6. Տարածքային ամբողջականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջարկված, բազմիցս արձանագրված հիմնարար սկզբունքներից մեկն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հետ մեկտեղ, այն ինչ այս ընթացքում, միջազգային հանրության կողմից առաջարկված խաղաղ կարգավորման գործընթացը ոտնահարվել է՝

• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառմամբ՝ 44-օրյա պատերազմով:

• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ:

• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսմամբ՝ ներկայիս բանակցային գործընթացում:

7. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելը անթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք:

Ուստի Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման, իրացման և ընթացող բանակցություններում փաստաթղթավորված բովանդակությամբ արտահայտվելու հրամայականին»: