Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ

Մանրամասներ

Նախատեսվում է, որ նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Հայկ Սարգսյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նոր տրոլեյբուսների մատակարարման ժամկետների վերաբերյալ: Սարգսյանը հայտնեց, որ ժամկետներն արդեն անցել են:

«Դրանց մեծ չափի պատճառով վերջերս են ստացել ՝ Լարսի թունելներն անցնելու թույլտվություն: Նախատեսվում է, որ մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը կլինի Երևանում»,-ասաց Սարգսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս շաբաթվա ընթացքում՝ ապրիլի 20-ից,  38 համարի փոքր դասի ավտոբուսները նախատեսվում են փոխարինել «Հագեր» մակնիշի միջին դասի ավտոբուսներով:

Իսկ փոքր դասի այդ ավտոբուսներով արդեն նույն օրը նախատեսվում է շահագործման հանձնել 40 և 67 համար երթուղիները: 40 համարը սպասարկում է Նոր Նորք, Քանաքեռ, Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները: