Ադրբեջանցիները գալիս են Երևան

Մանրամասներ

Երեկ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան վերահաստատել է մասնակցությունը երկու օր անց Երևանում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։ Առաջին լրատվականը հայտնում է, որ կարևոր մրցաշարին Ադրբեջանը կմասնակցի 4 մարզիկով: Ավելի վաղ այս երկրի հավաքականում հայտավորված էին 5 ծանրորդներ։ Եվ այսպես Երևանում մրցահարթակ դուրս կգան ադրբեջանցիներ 67 կգ քաշային Իսա Ռուստամովը, 73 կգ քաշային Օմար Ջովոդովը, 102 կգ քաշային Ալի Շուկուրլուն, 49 կգ քաշային Նազիլյա Իսմայիլովան: Վերջին պահին Ադրբեջանի հավաքականից դուրս է մնացել Դադաշ Դադաշբայլին։ Այս մարզիկներից Ջովոդովը և Իսմայիլովան ելույթ են ունենալու օլիմպիական քաաշային կարգերում և պայքարելու են վարկանիշային միավորների համար։ Ավելի վաղ Ադրբեջանը պաշտոնապես դիմել էր հայկական կողմին խնդրելով ապահովել իրենց պատվիրակության անվտանգությունը։ Թե երբ է Ադրբեջանի պատվիրակությունը ժամանելու Երևան հայտնի չէ։ Հայտնի չէ նաև թե որ հյուրանոցում են հանգրվանելու ադրբեջանցիները։ Նախօրեին Ադրբեջանի կողմից հրահրված սահմանային սադրանքի ֆոնին ադրբեջանցի ծանրորդների Հայաստան ժամանելը ամակայից լարված իրավիճակ կստեղծի մեր երկրում։ Եվս մեկ անգամ նշենք, որ Հայաստանը չէր կարող հրաժարվել ընդունել ադրբեջանական պատվիրակությանը։ Մեր գերխնդիրը առաջնության ընթացքտ բարձր մակարդակով ապահովել է և սպորտը հնարավորինս զերծ պահել քաղաքականությունից։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշոր մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Երեկ հայտնի դարձավ նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականների վերջնական կազմը։ Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):Կանանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։

Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Փաշիկ Ալավերդյանի, իսկ կանանց հավաքականը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ: ։ 2021 թվականին Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո կայացել էր մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը, որի ընթացքում ընդունվել էր մեզ համար ոչ այնքան բարենպաստ որոշում։ Մասնավորապես կրճատեցվել էին 2024թ. Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի քաշային կարգերի քանակը։ Տղամարդկանց պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն ընդամենը հինգ քաշային կարգերում՝ մինչև 61 կգ, մինչև 73 կգ, մինչև 89 կգ, մինչև 102 կգ և 102 կգ-ից բարձր: Կանայք նույնպես հանդես կգան հինգ կարգերում. մինչև 49 կգ, մինչև 59 կգ, մինչև 71 կգ, մինչև 81 կգ, 81 կգ-ից բարձր:

Հետևաբար Եվրոպայի առաջնությունում պայքարը թեժ է լինելու հատկապես վերը թվարկված քաշային կարգերում։ Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը մրցավարների և տեխնիկական պատվիրակների թվում Հայաստանը երեք ներկայացուցիչ ունի։ մրցավարների թվում է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Տեխնիկական պատվիրակների շարքում են միջազգային կարգի մրցավարներ Արայիկ Ալավերդյանը, ինչպես նաև Հարություն Չաբոնյանը: