Հայաստանում կներդրվի ոստիկանության աշխատակիցների ատեստավորման նոր համակարգ

Մանրամասներ
1

Անհրաժեշտ է Հայաստանում ներդնել ոստիկանության աշխատակիցների ատեստավորման նոր համակարգ։ Այս մասին Ազգային ժողովում, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ապրիլի 12-ին ասել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Ներկայացված նախագծի համաձայն՝ ատեստավորում անցնելու համար աշխատակիցներին կհատկացվի երեք տարի։ Առաջին փորձը ձախողելու դեպքում աշխատակիցները կունենան եւս երկու փորձի հնարավորություն։

«Իսկ արդեն հաջող թեստավորումից հետո ենթադրվում է նրանց աշխատավարձի կրկնապատկում»,- ասել է Սարգսյանը։ Իսկ եթե երեք տարվա ընթացքում աշխատակիցն այդպես էլ չկարողանա ատեստավորում անցնել, դա հիմք կդառնա նրան ազատելու համար՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու պատճառով։

Ատեստավորումը, փոխնախարարի խոսքով, կանցկացվի երեք փուլով, որոնցից առաջինը ենթադրում է մտավոր ունակությունների ստուգում, այդ թվում IQ թեստի միջոցով։ Երկրորդ փուլում կստուգվեն ֆիզիկական հնարավորությունները, երրորդում՝ աշխատակիցների մասնագիտական գիտելիքները եւ հմտությունները։ Ատեստավորման անցկացումը հաջող կհամարվի միավորների ավելի քան 60 տոկոս հավաքելու դեպքում։

Բացի այդ, նախատեսված է նաեւ թեստավորման չորրորդ փուլը։ Այն  նախատեսված է այն աշխատակիցների համար, որոնք մտադիր են ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Թեստավորումն անցկացվելու է զրույցի ձեւաչափով, այդ թվում եւ հոգեբանի մասնակցությամբ։

Հատկացված երեք տարիների ընթացքում աշխատակիցները նաեւ վերապատրաստում անցնելու հնարավորություն կստանան։ Իհարկե՝ ընդամենը մեկ անգամ։ Դա թույլ կտա ավելի լավ պատրաստվել ատեստավորմանը։

Ընդ որում՝ նախագծում նշված է, որ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չեն կարողանա ատեստավորում անցնել՝ իրենց աշխատավարձը բարձրացնելու նպատակով, քանի որ այն առանց այդ էլ բավական բարձր է։