Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ․ Մեդվեդև

Մանրամասներ

1

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան կվերանա, քանի որ այն որևէ մեկին, այդ թվում նաև ԱՄՆ-ին, Եվրոպային, ՌԴ-ին ու նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիներին, պետք չէ։ Ինչպես գրել է Մեդվեդևը «ВКонтакте» սոցցանցի իր էջում, Ուկրաինան, որպես 1991 թվականին ստեղծված պետություն, թյուրիմացություն է, այն Ռուսաստանի մասն է եղել։

Նրա խոսքով՝ դրանք հին ռուսական հողեր են, որոնք պատահաբար «պոկվել են 20-րդ դարում», սակայն այդ տարածքներում միլիոնավոր ռուսներ են ապրում, որոնք տարիներ շարունակ հետապնդվել ու ծաղրի են ենթարկվել Կիևի կողմից։ Ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը, հենց այդ մարդկանց է «հատուկ ռազմական գործողության ընթացքում պաշտպանում Ռուսաստանը՝ անխնա վերացնելով թշնամուն»։

ՌԴ ԱԽ փոխնախագահը նշել է, որ «Ռուսաստանի կտորները, որոնք 1991 թվականի սահմաններում անվանվել են Ուկրաինա», ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով ստեղծված թյուրիմացություն է, և այս առումով այն ՌԴ-ին պետք չէ, քանի որ երկիրը պետք է կրկին վերածվի «Մեծ Հզոր Ռուսաստանի»։

Նա նաև հավելել է, որ «նացիստական վերնախավի ղեկավարած Ուկրաինան» պետք չէ անգամ իր իսկ քաղաքացիներին, ինչի պատճառով էլ 45 միլիոն բնակչությունից այնտեղ մնացել է մոտ 20 միլիոնը։

«Հենց սա է պատճառը, որ մնացածներն ուզում են մեկնել ցանկացած տեղ՝ անգամ ատելի Լեհաստան, ԵՄ, ՆԱՏՕ, ցանկանում են նույնիսկ Ամերիկայի 52-րդ նահանգը դառնալ կամ անգամ Անտարկտիդա մեկնել ու միանալ պինգվիններին, միայն թե խաղաղ լինի ու լավ սնվեն», -գրել է նա։