Ռուսաստանից Հայաստան ռեկորդային գումար է եկել

Մանրամասներ

Մասնավոր փոխանցումների տեսքով ֆինանսական միջոցների ահռելի ներհոսքը Հայաստան շարունակվում է։ Ըստ 168.am-ի՝ փետրվարին հերթական ռեկորդն է գրանցվել։ Գրեթե կրկնակի ավելի շատ գումար է եկել, քան հունվարին։

Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալների համաձայն, այդ ամսին միայն բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել շուրջ 714 մլն դոլար։ Սա երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Մինչ այդ, ռեկորդային մուտքեր էին արձանագրվել անցած տարվա հոկտեմբերին, բայց այն ժամանակ դրանք 96 մլն դոլարով քիչ էին, քան ստացվել է այս տարվա փետրվարին։

Մուտքերի գերակշիռ մասը, ինչպես նախկինում, եղել է Ռուսաստանից․ շուրջ 714 միլիոնից գրեթե 601 միլիոնը ստացվել է այդ երկրից։

Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է ընդհանուր տրանսֆերտների ավելի քան 84 տոկոսը։ Նախորդ ռեկորդի համեմատ, որը գրանցվել էր հոկտեմբերին, Ռուսաստանից գրեթե 120 միլիոնով ավելի շատ գումար է եկել։

Պատկերացնելու համար, թե ինչպիսի ահռելի փոփոխություն է տեղի ունեցել տրանսֆերտային շուկայում, ասենք, որ փետրվարին Ռուսաստանից ստացված մասնավոր փոխանցումներն ավելի քան յոթ անգամ գերազանցել են նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Նախորդ տարվա փետրվարին, երբ շատ բան դեռ այլ էր, և Ռուսաստանը դեռևս չէր հայտնվել համատարած պատժամիջոցների տակ, ֆիզիկական անձանց փոխանցումները կազմել էին ընդամենը 82 մլն դոլար։ Իրավիճակը փոխվել է մարտից հետո։

Ապրիլից նկատվեց մասնավոր փոխանցումների ակտիվություն Ռուսաստանից, որը գնալով ավելացավ։

Արդեն այս տարվա հունվար-փետրվարին Ռուսաստանից այնքան գումար է մտել Հայաստան, որքան մտել էր 2020թ․ ամբողջ տարվա ընթացքում։

Ի տարբերություն Ռուսաստանի, այլ երկրներից ֆինանսական հոսքերն էական փոփոխություն չեն կրել։

Միացյալ Նահանգներից փետրվարին ստացվել է ընդամենը 44 մլն դոլար, որը շատ չի տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից։ Նախորդ տարվա փետրվարին ԱՄՆ-ից բանկային համակարգի միջոցով ստացվել էր 41 միլիոն։

Մյուս բոլոր երկրների բաժինը ևս ընդհանուր մուտքերի մեջ մեծ չէ։ Դրանք կազմել են հազիվ  61 միլիոն։ Գրեթե այնքան, որքան անցած տարի։

Ֆինանսական միջոցների ահռելի հոսքը, որը եկել է Ռուսաստանից, անշուշտ, այն սովորական տրանսֆերտները չեն, որոնք նախկինում ստանում էին մեր քաղաքացիներն իրենց հարազատներից՝ կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Դրանք գումարներ են, որոնք գալիս են տարբեր նպատակներով։

Այդ գումարների մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք ունեն զուտ առևտրային նշանակություն և ուղղված են վերջին շրջանում երկու երկրների միջև հսկայական տեմպերով աճող առևտրային հարաբերությունների ֆինանսավորմանը։

Նաև այս գումարների հաշվին են ակտիվ վերարտահանումներ իրականացվում։

Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո արտահանումը Հայաստանից Ռուսաստան այնպիսի ծավալների է հասել, որ սկսել է հարցեր առաջացնել միջազգային գործընկերների շրջանում։ Հնչում են կասկածներ, որ Հայաստանը հանդիսանում է այն հիմնական երկրներից մեկը, որի միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ են մատակարարվում ռուսական շուկա։ Կա վտանգ, որ դրա հետևանքով կարող ենք հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։

Առևտրային այս հսկայական հոսքերի սպասարկմամբ է նաև պայմանավորված, որ մասնավոր ֆինանսական փոխանցումների ահռելի մուտքերն ուղեկցվում են ոչ պակաս մեծածավալ արտահոսքերով։

Միայն փետրվարին ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստանից այլ երկրներ կազմել են 382 մլն դոլար։

Դրանք ո՛չ Ռուսաստան են գնացել և ո՛չ էլ Միացյալ Նահանգներ։ Գնացել են այլ ուղղություններով, որոնց վերաբերյալ տվյալները հիմնականում փակ են և չեն երևում Կենտրոնական բանկի հրապարակումներում։

Բանկային համակարգով փետրվարին Հայաստանից Ռուսաստան փոխանցվել է ընդամենը 35-36 միլիոն, ԱՄՆ՝ 25 մլն դոլար։ Մնացածը գնացել են այլ երկրներ։

Ո՞ւր և ի՞նչ նպատակներով են դուրս եկել այդ գումարները, Կենտրոնական բանկը չի բացահայտում։ Ենթադրվում է, որ մի մասը եղել են առևտրային բնույթի, մյուս մասը գնացել են ավելի ապահով երկրներ։ Այդ է վկայում, թերևս, նաև այն, որ բանկային համակարգում տարեսկզբին նկատվել է ոչ ռեզիդենտների գումարների արտահոսքի որոշակի միտում։

Ֆինանսական միջոցների ռեկորդային ներհոսքի պայմաններում, չնայած բավական մեծ է դրանց արտահոսքը, այնուհանդերձ քիչ չեն նաև այն գումարները, որոնք մնում են Հայաստանում։

Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը փետրվարին կազմել է 332 մլն դոլար։

Սա փոքր գումար չէ մեկ ամսվա կտրվածքով, չնայած նախկինում, երբ այս պրոցեսները դեռ նոր էին նշմարվում, զուտ մուտքերի նաև ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել։

Տարադրամային այս հսկայական հոսքերն իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում Հայաստանի ֆինանսական շուկայի վրա, որտեղ, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, արդեն գրեթե մեկ տարի է, ինչ տեղի է ունենում ազգային արժույթի ամրապնդում ու տարադրամի էժանացում։ Մեկ տարվա ընթացքում դոլարի գինը Հայաստանի ֆինանսական շուկայում իջել է առնվազն 100 դրամով։ Ազգային արժույթն այդքանով ամրապնդվել է՝ ի վնաս Հայաստանի տնտեսության։

Դրամն ամրապնդվել է՝ ինչպես ֆինանսական այս հոսքերի, այնպես էլ՝ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում։ Որքան էլ դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն ու դրսից ստացվող գումարների հաշվին իրենց կենցաղային խնդիրները լուծող քաղաքացիները մեծ կորուստներ են ունենում՝ ԿԲ-ն հակված չէ ամբողջությամբ չեզոքացնել դրամի վրա թելադրված տարադրամային այս ճնշումը և մեղմել ազգային արժույթի ամրապնդումից բխող տնտեսական ու ֆինանսական կորուստները։