Սի Ծինփինը հայտարարել է ուկրաինական ճգնաժամում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին

Մանրամասներ

Չինաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ միասին համաշխարհային հանրությանը հորդորել թույլ չտալ միջուկային զենքի կիրառում եւ հարձակումներ քաղաքացիական միջուկային օբյեկտների դեմ՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում, հինգշաբթի ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Պեկինում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների հիման վրա։

«Չինաստանը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ՝ միջազգային հանրությանը հորդորելով գործով կատարել հանդիսավոր խոստումը միջուկային զենք չկիրառելու եւ միջուկային պատերազմներ չվարելու մասին, դեմ արտահայտվել կենսաբանական եւ քիմիական զենքի կիրառմանը ցանկացած պարագայում, զինված հարձակումներին ատոմային էլեկտրակայանների եւ քաղաքացիական միջուկային այլ օբյեկտների դեմ»,- Չինաստանի նախագահի խոսքերը մեջբերել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

 Նշելով, որ աշխարհն այսօր խոր պատմական վերափոխման է ենթարկվում, Սին ասել է, որ Չինաստանը եւ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են եւ խոշոր երկրներ, որոնք ունեն անկախության ավանդույթներ, փոխանցել է «Սինհուան»։

«Չինաստանը եւ Ֆրանսիան բազմաբեւեռ աշխարհի եւ միջազգային հարաբերություններում ավելի շատ դեմոկրատիայի հավատարիմ կողմնակիցներն են։ Մենք հնարավորություն եւ պատասխանատվություն ունենք՝ վեր կանգնել տարաձայնություններից եւ խոչընդոտներից, հավատարիմ մնալ համապարփակ ռազմավարական գործընկերության ընդհանուր ուղղությանը, որը կայուն եւ փոխշահավետ ուղղություն է, եւ գործի դնել իսկական բազմակողմանիություն՝ հանուն գլոբալ խաղաղության, կայունության եւ բարգավաճման»,- ասել է նա։