Toyota-ն ամերիկացուն նոր Highlander է նվիրել այն բանից հետո, երբ փոթորիկը ոչնչացրել է նրա հին մեքենան

Մանրամասներ

ԱՄՆ-ում Toyota-ն տեղացի գործարար Մարկ Միլլերին անվճար նոր Highlander քրոսովեր է նվիրել այն բանից հետո, երբ 2022 թվականի աշնանը Յան փոթորիկը ոչնչացրել է ավելի քան 1 միլիոն մղոն (1,6 միլիոն կմ) քշած նրա հին մեքենան: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ավտոարտադրողի մամուլի ծառայությունը։

Միլլերը, որն ասֆալտապատման բիզնես ունի, շատ է վարել 2006 թվականի իր մեքենան՝ օգտագործելով այն քարշակելու համար եւ որպես շարժական գրասենյակ: Փոթորկին ուղեկցող ջրհեղեղի հետեւանքով մեքենան անպետք է դարձել։

«Այդ մեքենան այնքան հուսալի էր: 17 տարի անց միայն աղետալի ջրհեղեղը կարող էր սպանել նրան»,- ասել է մեքենայի սեփականատերը։

Toyota-ն Միլլերի ոչնչացված Highlander-ը փոխարինել է նոր 2023 թվականի քրոսովերով՝ որպես շնորհակալություն հավատարիմ հաճախորդին: