«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը

Մանրամասներ

«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։

Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։ ««Ռոսսելխոզնադզորը» ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչեւ մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնային արտադրանքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքում կուսումնասիրվի ՀՀ-ի՝ կաթնամթերք վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից իրականացրած տեսչական ստուգումների ընթացքում հաստատվել է հայկական արտադրողների կողմից իրանական ձեռնարկությունների (որոնք ՌԴ մատակարարելու իրավունք չունեն) հումքն օգտագործելու փաստը։

«Բացահայտված խախտումները վկայում են նաեւ կաթնամթերքի վերամշակման գործունեության նկատմամբ պետական անասնաբուժական ծառայության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի հետ կապված ՌԴ անորակ եւ վտանգավոր արտադրանք ներմուծելու վտանգ է առաջանում»,-նշում է «Ռոսսելխոզնադզորը»։

Գերատեսչությունը դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայություն` խնդրելով կասեցնել Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման թույլտվությունը տեսչական ստուգումներ անցած երկու ձեռնարկություններից, ինչպես նաեւ տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության մասին։

Գերատեսչությունում հավելել են, որ «Ռոսսելխոզնադզորին» մտահոգում են առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու կամ ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու ծառայություններին ուղղված պաշտոնական մերժմանը հակառակ Մաքսային միության ռեեստրներում երրորդ երկրների ձեռնարկությունների ներառման դեպքերը։