Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ միջազգային ռոումինգը մինչեւ 2025 թվականը

Մանրամասներ

Ռուսաստանը մտադիր է մինչեւ 2025 թվականը չեղարկել միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ: Այս մասին հայտնում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարցման հավելվածը, որն ուղարկվել է դաշնակից երկրների բոլոր խոշոր բջջային օպերատորներին եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։

Այժմ ԵԱՏՄ-ում միջազգային ռոումինգը չեղարկված է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ։ Իսկ այս պահին խոսքը միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղրղըզստանի եւ Ղազախստանի հետ միջազգային ռոումինգը չեղարկելու մասին է։

Ճանապարհային քարտեզի համաձայն, որին հղում է կատարում թերթը, կապի օպերատորները պետք է նախ վերլուծեն եւ սկսեն իրենց ցանցերում խարդախության կասեցման հարցով աշխատանքը։   

Մինչեւ 2024 թվականի վերջը պետք է մշակվեն «անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոնները», իսկ 2025 թվականի սկզբին անհրաժեշտ է նվազեցնել միջազգային փոխկապակցման դրույքաչափերը (ձայնային տրաֆիկի բացթողման ծառայությունների համար միջօպերատորական փոխհաշվարկների համակարգ)։ Թե որքանով են նվազեցվելու տոկոսադրույքները, թերթը չի հստակեցնում։

«ՄՏՍ» ՀԲԸ-ի ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ պատրաստ են դիտարկել ԵԱՏՄ տարածքում բաժանորդների համար հարմարավետ սակագներ սահմանելու հնարավորությունը: Ընդ որում, ընկերությունը չի բացառում բոլոր բջջային օպերատորների մոտ եկամուտների հնարավոր անկումը, եթե միջազգային ռոումինգը չեղյալ հայտարարվի: «Մեգաֆոնում», իր հերթին, կարծում են, որ սակագների հնարավոր նվազումը չի հանգեցնի ոլորտի եկամուտների զգալի կրճատման։ Tele2-ը եւ «Վիմպելկոմը» չեն մեկնաբանել այս տեղեկությունը։