Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինդատախազի հետ. Պապիկյանը չի արձագանքել հանդիպման պահանջին

Մանրամասները՝ տեսանյութում

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ, հարցաքննվել են դեռեւս միայն 10 ծնողներ, զոհված մյուս 5 զինծառայողների ծնողների հարցաքննությունը կլինի առաջիկայում։

«Փետրվարի 9-ին իմ կողմից դիմումներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին ու ՀՀ զինվորական դատախազին՝  հանդիպելու ծնողների հետ, փետրվարի 28-ին էլ ծնողներն են անհատապես դիմում ներկայացրել Պաշտպանության նախարարին՝ հանդիպման պահանջով։ Մեզ համար տարակուսելի է ՊՆ ղեկավարության պահվածքը. ոչ միայն ձեռնպահ մնացին հանդիպել տուժողներին, այլ նաև իրենց վարքագծով առնվազն ներողություն խնդրելու առումով պարտավոր էին որոշակի հրապարակայնություն դրսևորել, սա ասում եմ նվազագույնը՝ ինչ կարող էին անել, իսկ զինվորական դատախազի հետ հանդիպումը տեղի կունենա վաղը»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Նա նշեց, որ մարտի 21-ին միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին հարցաքննել զոհված զինծառայողներից մեկի ծնողին ու լրացուցիչ երկու այլ քաղաքացիների, որոնց կողմից տրված բացատրությունը հրդեհի պահի ու այդ տարածքում գտնվող ողջ մնացած զինվորներից մեկի վարքագծի վերաբերյալ որոշակի հակասող կամ էապես տարբերվող փաստական տվյալներ են պարունակում, իսկ մարտի 27-ին միջնորդել են հարցաքննել երկու անձանց, որոնք հրապարակայնորեն փաստական տվյալներ ու առերևույթ պնդումներ են իրականացրել այն մասին, որ հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգությունը դիվերսիա է, որը տեղի է ունեցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից։

Նորիկյանը հայտարարեց, թե  զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խիստ հակասության մեջ, ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ. «Այնտեղ նշված է եղել, որ զինծառայողների մահը վր է հասել շմոլ գազից եւ այրվածքային շոկից: Նշված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք»,-ասաց նա՝ հավելելով, որ զինծառայղների մոտ թմրանյութեր չեն հայտնաբերվել:

Տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրվում են հինգ սպաներ։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, այս պահին շարունակում է բուժվել Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։

Հավելենք, որ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։ Տղաներից որոշները ողբերգությունից օրեր առաջ ծնողներին ասել են, որ իրենց եւ սպաներից մեկի միջեւ ծեծկռտուք է եղել։