Թմրանյութը պահում էին դպրոցի հետնամասում

Մանրամասներ

Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարում Արաբկիրի ոստիկանների պայքարն արդյունավետ էր մասնավորապես մարտի 23-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին դեպքում բաժնի քրեական հետախույզները համագործակցեցին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի գործընկերների հետ: Ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց 23-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով երեք փաթեթ ու կաթուցիչ:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Զննությամբ դպրոցի հետնամասում հայտնաբերվեց տարա, որի մեջ նույն պարունակությամբ ևս հինգ փաթեթ կար:

Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Նույն օրը ձեռնարկված մեկ այլ միջոցառման ընթացքում Արաբկիրի քրեական հետախույզները համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ: Ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Կորեայի ձոր կոչվող տարածքում նրանք ձերբակալեցին և, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 30 և 39 տարեկան երկու տղամարդու: Նրանցից մեկը` Եղվարդի, մյուսը Չարենցավանի բնակիչ է: Անձնական խուզարկությամբ 30-ամյա եղվարդցու մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենի 40 փաթեթ` կրիստալի նմանվող զանգվածով, ընդհանուր մոտ 85 գրամ քաշով:

Երկուսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: