Հայաստանի իշխանությունները շարժվում են Ռուսաստանից հեռանալու ճանապարհով. Զատուլին

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Հայաստան մուտքի հնարավորությունից զրկված Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ Հռոմի ստատուտը ճանաչելու Երևանի որոշումը բեկումնային կարող է լինել հայ-ռուսական հարաբերություններում. «Երկրի իշխանությունները նման քայլի են դիմել՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին իրենց արևմտամետ դիրքորոշումն ապացուցելու համար, մինչդեռ Բաքուն, չի քնում»։

«Հայաստանի իշխանությունները շարժվում են Արևմուտքի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռանալու ճանապարհով, թեև Ղարաբաղի հայերի անվտանգության հարցերում ամեն ինչ կախված է Մոսկվայից։ Բայց փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը հանձնել է այդ տարածքը։ Ինքը՝ վարչապետը, Ղարաբաղի հայերին յուրային չի համարում։ Ընդհակառակը, դա ժողովրդի կասկածելի մասն է, որը ժամանակին քվե է տվել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այսինքն՝ նրա քաղաքական մրցակիցներին»,- հայտարարել է Զատուլինը։

«…Հայաստանի Սահմանադրական դատարանը «գլխատվեց» Փաշինյանի կողմից, նրա նախկին ղեկավարությունը պաշտոնանկ արվեց և ահաբեկվեց։ Ուստի ցանկացած փորձ՝ ձևացնելու, թե դա անկախ մարմնի որոշումն է, ուղղակի ծիծաղելի է։ Հիմա Հռոմի ստատուտը պետք է վավերացվի կամ չվավերացվի խորհրդարանի կողմից, իսկ որոշումից հետո ընդհանրապես կասկած չի լինի։ Միևնույն ժամանակ, իշխանությունները ձևացնում են, թե դա անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ պայքարելու համար, բայց իրականում, ինչպես տեսնում ենք, դա արվում է նոր ընկերներին՝ Շառլ Միշելին և վարչապետ Փաշինյանի մյուս զրուցակիցներին հավատարմություն ցուցադրելու համար», – հայտարարել է Զատուլինը։