Ուկրաինան 50 հազար անօդաչու թռչող սարքերով կհարձակվի ռուսական բանակի վրա. Forbes

Մանրամասներ

Համացանցի ռուսալեզու հատվածը ակտիվորեն քննարկում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքերի` Ուկրաինա ներխուժած ռուսական զորքերի վրա մոտալուտ հարձակումը: Այս մասին, Լրագրի փոխանցմամբ, հայտնում է ամերիկյան Forbes ամսագիրը:

Նշվում է, որ հարձակումն այժմ պատրաստվում է Կիևում, և այն կարող է արմատապես փոխել իրավիճակը առաջնագծում:

 

Ռուսական Ինժեներ տելեգրամ ալիքի համաձայն, Ուկրաինան Չինաստանից գնել է բոլոր այն բաղադրիչները, որոնք առկա են շուկայում համեմատաբար էժան FPV անօդաչու սարքերի համար, որոնք հագեցած են տեսախցիկներով («անուղղակի գնահատականներով՝ 50,000-100,000 հատ»):

Այս դրոնները չափսերով ավելի փոքր են, քան ստանդարտ կվադրոկոպտերները, սակայն հագեցած են հզոր շարժիչներով, որոնք թույլ են տալիս թեթև դրոնին զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն:

Բավական է դրան նռնակ ամրացնել, և անօդաչու թռչող սարքը կարող է օգտագործվել որպես ռադիոկառավարվող կամիկաձե ռոբոտ, որն ի վիճակի է խոցել կառավարող օպերատորից համեմատաբար մեծ հեռավորության վրա գտնվող թիրախները:

Forbes-ը նշում է, որ յուրաքանչյուր նման իմպրովիզացված կամիկաձեի ստեղծումն արժե ընդամենը մի քանի հարյուր դոլար, ինչը շատ ավելի էժան է, քան նույնիսկ սովորական բարձրորակ կվադրոկոպտերը, էլ չասած իրանական «Շահեդների» մասին, որոնցից յուրաքանչյուրի համար Մոսկվան վճարում է, ըստ որոշ հաշվարկների, 20-ից 50 հազար դոլար։

Հաշվի առնելով, որ մրցարշավային անօդաչու թռչող սարքերը շատ դիմացկուն են ռադիոմիջամտությունների նկատմամբ, դրանք հնարավոր չի լինի կանգնեցնել սովորական խցանումներով։