Ֆրանսիայի օդանավակայանները կերկարաձգեն չվերթների չեղարկումը. Պատճառը գործադուլներն են

Մանրամասներ

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGAC) այսօր ավիափոխադրողներից պահանջել է կիրակի և երկուշաբթի օրերին երկարաձգել չվերթների թվի կրճատումը Փարիզի «Օռլի» և մի քանի այլ օդանավակայաններում: Պատճառը կենսաթոշակային բարեփոխումների դեմ ավիակարգավարների հայտարարած գործադուլն է: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGAC) ավիաընկերություններից պահանջել է ավիակարգավարների գործադուլի պատճառով չեղարկել կիրակի օրը Փարիզի «Օռլի» օդանավակայանում իրենց թռիչքների 33%-ը, իսկ երկուշաբթի օրը՝ 20%-ը», – հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։

Ինչպես հաղորդում Է BFMTV-ը, բացի Փարիզի «Օռլի»-ից, այդ միջոցառումը կվերաբերի Լիոնի և Մարսելի օդանավակայաններին. նրանք ստիպված կլինեն չեղարկել կիրակնօրյա չվերթների 20%-ը։ Չվերթների թվի կրճատումը երկարաձգվում է արդեն երրորդ անգամ։

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքի օդանավակայաններին կերոսինի մատակարարումը լուրջ խնդիր է դարձել Նորմանդիայի TotalEnergies ընկերության նավթավերամշակման գործարանում հերթական գործադուլի պատճառով։

Այս կապակցությամբ Ֆրանսիայի կառավարությունը հրամանագիր Է հրապարակել գործարանի աշխատանքը վերսկսելու և աշխատակիցներին իրենց պարտականությունների կատարմանը հարկադրաբար ներգրավելու մասին։