Իրանամետ ջոկատները գնդակոծել են Սիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը՝ իրենց ճամբարներին հասցված հարվածներից հետո

Մանրամասներ

Այսօր իրանամետ շիա կազմավորումների մարտիկները մի քանի հրթիռ են արձակել ԱՄՆ-ի ռազմակայանի վրա, որը գտնվում է Սիրիայի Դեր Զորի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի մոտ։ Ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, ամերիկյան օբյեկտի վրա հարձակումն իրականացվել է Մեյադին քաղաքի մերձակայքում գտնվող Այն Ալիի շրջանից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ըստ Պենտագոնի մամուլի ծառայության՝ ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել էր Սիրիայում կոալիցիայի ռազմաբազայում գտնվող տեխնիկական սպասարկման օբյեկտին, որի հետևանքով զոհվել էր ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող:

Բացի այդ, վիրավորվել էր ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող և 5 զինվորական: Ի պատասխան՝ ամերիկյան կողմն ավիահարվածներ էր հասցրել Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող օբյեկտների:

Al Hadath-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածները հասցվել են իրանամետ ուժերի դիրքերին Բու Քեմալում՝ Իրաքի հետ սահմանին, Մեյադինի ճամբարում և Խարաբիշի շրջանում շտեմարանի տարածքում գտնվող զինապահեստներին՝ Դեր Զորի մերձակայքում: