Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ծածկոց է ապահովում. Բլինքեն

Մանրամասներ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Չինաստանը Ռուսաստանին «դիվանագիտական ​​ծածկոց» է տրամադրում, որպեսզի վերջինս կարողանա շարունակել ռազմական հանցագործությունները: Ինչպես գրում է The New York Times-ը, Բլինկենը մեկնաբանել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Մոսկվա՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման տվեց։

Պետքարտուղարի խոսքով՝ այս այցը ցույց է տալիս, որ «Չինաստանն իրեն պարտավորված չի համարում Պուտինին պատասխանատվության ենթարկել Ուկրաինայում կատարված վայրագությունների համար»։

Բլինքենը, ով այս հայտարարություններն արել է մարտի 20-ին՝ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ, քննադատել է նաև Պեկինի խաղաղության առաջարկները։ Նրա խոսքով՝ հրադադարի կոչերը, որոնք չեն ներառում ուկրաինական տարածքից ռուսական զորքի ամբողջական դուրսբերման պահանջ, «իրականում նշանակում են ռուսական գործողությունների վավերացում»։