Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին. Լավրով

Մանրամասներ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր հայազգի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայտարարել է, որ միշտ պետք է կողմերի հաշտեցման ուղիներ և շահերի հավասարակշռում փնտրել. հենց այսպես է Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, վարվել, երբ 2020-ին դադարեցրել է պատերազմը:

«Չեմ ցանկանում խորանալ պատմության մեջ, բայց բոլորին հայտնի է, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, քան արդյունքում դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն, թե ինչպես է դա տեղի ունեցել: Մենք կողմ ենք նրան, որ խստորեն, ամբողջ ծավալով ու առանց որևէ իմպրովիզների կյանքի կոչվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ջեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունները՝ նախևառաջ 2020-ի նոյեմբերի 9/10-ի գիշերը ստորագրված պայմանավորվածությունները: Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես  այս համատեքստում: Եվ միայն Լաչինի միջանցքին վերաբերող պայմանավորվածությունների բոլոր ասպեկտների ամբողջական, առանց բացառությունների կյանքի կոչումը կարող է հանգուցալուծել ներկայիս իրավիճակը: Հենց դրանով էլ հիմա զբաղված են մեր խաղաղապահները», - ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: