Թշնամին զինտեխնիկա է կուտակում. Ահազանգներ Գեղարքունիքից, Տավուշից, Արցախից

Մանրամասներ

Ամենօրյա կապի մեջ եմ սահմանամերձ գյուղերի բնակիչների, զինվորականների հետ, որոնք ահազանգում են այն, ինչ տեսնում են: Իրենք շարժ էին տեսել եւ ինձ ահազանգել, որի մասին ես անհրաժեշտ համարեցի դիմել մեր միջազգային գործընկերներին, որ հնարավորինս կարողանանք կանխարգելել հնարավոր էսկալացիան: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Հասկանալի է, որ եթե զինտեխնիկա է կուտակվում, դա սիրողական մակարդակի համար չի արվում, արվում է որոշակի գործողության նախապատրաստելու համար»,-ասաց Թովմասյանը:

Հարցին՝ մասնավորապես ո՞ր հատվածում են կուտակումները, Թովմասյանը նշեց, որ ինքը ահազանգեր ստացել է Գեղարքունիքից, Տավուշից և ամբողջ Արցախի երկայնքով. «Երբ ասում եմ Գեղարքունիք, նկատի ունեմ Գեղարքունիքից մինչև Վայոց ձոր երկայնքը: Զինտեխնիկայի տեղաշարժ է եղել, որն անհանգստացրել է մարդկանց»:

Պատգամավորը նշեց, որ եղել է մեծ և բուռն արձագանք իր հնչեցրած ահազանգին. «Բոլորը հետաքրքրված են: Ունեմ արձագանքներ տարբեր գերտերություններից ամենաբարձր մակարդակով, որ իրենք հետևում են  ընթացքին, մեծ ուշադրությամբ կհետևեն նաև հետագա զարգացումներին՝ փորձելով կանխարգելել նաև որոշակի գործողություններ»,-ասաց նա: