Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել

Մանրամասներ

Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է պատրաստվում գրել, կամ գուցե արդեն գրել է, որը դեռեւս չեն հրապարակում։ 
Հրապարակի աղբյուրներն ասում են, որ ներքին քաղաքական քննարկումներ են ընթանում, որով պայմանավորված դիմումը կարող է հրապարակվել անգամ վաղը, կամ գուցե երկուշաբթի՝ եթե ինչ-որ ֆորսմաժորի պատճառով այն չչեղարկվի, ինչպես վերջին ամիսներին Սարգսյանի գրած մի քանի դիմումների հետ է եղել։

Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի դե ֆակտո քաղաքապետը Տիգրան Ավինյանն է, որը ձգտում է արտահերթ ընտրություններով՝ նստել քաղաքապետի աթոռին, սակայն գործող քաղաքապետի հրաժարականը քաղաքական պատճառներով հետաձգվում է։ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրության չգնալը պատճառաբանում է Ավինյանի չաճող վարկանիշը։ Իշխանական աղբյուրներն էլ ասում են, որ ուզում է փոխել թեկնածուին, քանի որ Ավինյանի մեջ տեսնում է իր իշխանության իրավահաջորդ-մրցակցի։ Իսկ եթե Ավինյանը դառնա Երեւանի քաղաքապետ, ապա նրա դեմն առնելը դժվար է լինելու։ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունը կարծես արագացրել է գործընթացները։

Մամուլը գրեց, որ փոխնախարարի դեմ հարուցված քովիդի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը փորձում է գահընկեց անել Ավինյանին, որը քովիդի ժամանակ պարետատունն էր ղեկավարում։ Փոխնախարարի կալանավորման առիթով անգամ ներիշխանական բուռն վեճեր են եղել, Ավինյանն ամեն գնով փորձել է կանխել կալանավորումը, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Հիմա նա համոզել է Հրաչյա Սարգսյանին հրաժարականի դիմում գրել, որով կստուգի, թե ինչ տրամադրվածություն կա «վերեւներում» իր քաղաքապետ դառնալու վերաբերյալ։ Եւ չնայած քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ Հրաչյա Սարգսյանը համաձայնել է դիմումը գրել, սակայն դա դեռ չի նշանակում, թե գնալու են արտահերթ ընտրությունների։

Դրա վերաբերյալ պետք է առանձին քաղաքական որոշում կայացվի։ «Երևանի մասին» օրենքի համաձայն՝ եթե քաղաքապետը հրաժարական ներկայացնի, ապա հրաժարականից հետո հաջորդ երեք օրերին ավագանին պետք է որոշի, թե երբ է ավագանու արտահերթ նիստ գումարում, որ իր կազմից ընտրի քաղաքապետ: Եթե երկշաբաթյա ժամկետում ավագանու կազմից քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի բավարար ձայներ, ապա, համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի, կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը և նշանակել արտահերթ ընտրություններ։ 

Ըստ ամենայնի՝ այս տարբերակը չի աշխատի, քանի որ Տիգրան Ավինյանն ավագանու ցուցակում չկա, ուստի չի կարող քաղաքապետի թեկնածու առաջադրվել, իսկ իր կուրացիայի տակ գտնվող ավագանին, բնականաբար, այլ թեկնածուի չի ընտրի։ Եթե այս սցենարը չի աշխատում, օրենքը թույլ է տալիս քաղաքապետի փոխարինող նշանակել՝ ավագանու կազմից, քաղաքապետի տեղակալներից առաջինին, այս դեպքում՝ Լեւոն Հովհաննիսյանին։ Իսկ եթե այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների որոշում կայացվի, ապա կառավարությունը ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ՝ նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: