Իրավիճակն անկայուն է և հետագա էսկալացիայի վտանգ է պարունակում․ Շոլցը՝ Ալիևին

Մանրամասներ

Բեռլին կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

Շոլցի խոսքով՝ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակով։ «Երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից իրավիճակն անկայուն է և հետագա էսկալացիայի վտանգ է պարունակում»,- ասել է Շոլցը։

Միևնույն ժամանակ, հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ընդգծել է կանցլերը։

Շոլցը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով դառնում է ծայրահեղ։ «Հետևաբար, մեր ընդհանուր նպատակը պետք է լինի գտնել երկարաժամկետ և կենսունակ լուծում՝ ի շահ տեղում բնակվող մարդկանց», – ասել է նա:

Կանցլերն ընդգծել է, որ կարևոր է ապահովել մարդու իրավունքների և երկու պետությունների բոլոր բնակիչների իրավունքների պահպանումը միջազգային նորմերին և պարտավորություններին համապատասխան։

Շոլցը նաև բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը։

«Կան բոլոր հիմքերը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկության համար»,- հավելել է կանցլերը։